Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հարցաքննության սենյակները կտեսաձայնագրվեն

431
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 12:15
Հարցաքննության սենյակները կտեսաձայնագրվեն

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Դրա համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են 3, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի: Տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով կահավորումը պետք է արվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, առաջիկայում նման սարքեր կտեղադրվեն նաև ՔԿՀ-ներում:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց, որ նախագծում ամրագրված այն դրույթը, որ այդ ձայնագրությունները հետագայում քրեական գործերում չեն կցվելու, կարող են խնդիրներ հարուցել ապացուցողականության առումով: Որոշվեց խնդիրը քննարկել հետագայում: