Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ո՞ր իշխանությունների օրոք է նախաձեռնվել բանակում սննդի մատակարարման բարելավման ծրագիրը. FIP

259
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 14:15
Ո՞ր իշխանությունների օրոք է նախաձեռնվել բանակում սննդի մատակարարման բարելավման ծրագիրը. FIP

«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 28-ին «5-րդ ալիքի» «Հայլուր. հարցազրույցի» եթերում հայտարարել է, որ Զինված ուժերում սննդի բարելավումը նախկին իշխանությունների ծրագիրն է:

Զաքարյանը, մասնավորապես, պնդել է, որ բանակում սննդի մատակարարման նոր մշակույթն իրենք են մտցրել, և ներկայիս իշխանությունները պարզապես ընդլայնում են դա. «Մենք այդ նորամուծությունը դրել էինք Ռազմական ինստիտուտում և ուսումնական զորամասերում ու պատրաստվում էինք հետագայում ընդլայնել դա (…) Դա նրանց հետ կապ չունի: Գաղափարից սկսված՝ արվել է մեր ժամանակ: Արդյոք պահպանվելու են նորմերը: Գեղեցիկ սպասքից բացի, գեղեցիկ կտրված սննդից և պատրաստված աղցաններից բացի, մենք պետք է հասկանանք՝ համապատասխան կալորիականությունն ստանո՞ւմ է այն մարդը, որը մեզ համար երկու տարի շարունակ ուղիղ ծառայում է մեր պետության անվտանգությանը»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության մի շարք զորամասերում արդեն մի քանի ամիս սննդի մատակարարումն իրականացնում են մասնավոր ընկերություններ, ինչի հետևանքով փոխվել է տրամադրվող ուտեստների և՛ մատակարարման կարգը, և՛ որակը, և՛ տեսականին։

Զորամասերում սննդի մատակարարման այս տարբերակի հեղինակների հարցը, սակայն, մշտապես եղել է քննարկման առարկա: ՀՀԿ-ականները բազմիցս հայտարարել են, որ նախագծի իրական նախաձեռնողներն իրենք են եղել: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հոկտեմբերի 21-ին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել էր, որ բանակում սննդի և հագուստի բարեփոխումներն սկսվել են նախորդ իշխանությունների օրոք:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե երբ է նախաձեռնվել և իրականացվել սննդի բարելավման այս ծրագիրը և արդյոք Արտակ Զաքարյանի հայտարարությունը, որ Զինված ուժերում սննդի բարելավման այս ծրագիրը պատկանում է նախկին իշխանություններին, համապատասխանում է իրականությանը։

Բանակում սննդի կազմակերպման նախկին խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակում սննդի որակի ոչ բավարար լինելու մասին խոսել էր դեռևս անցյալ տարի: 2018-ի նոյեմբերին Արցախ կատարած այցի ժամանակ նա հայտարարել էր, որ սննդի գործող համակարգը չի գոհացնում ոչ ոքի:

«Շատ դեպքերում կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական, զինվորական պատրաստակամության և պատրաստվածության խնդիրներից: Խնդիր ունենք, որ զինվորականությունը զբաղվի մաքուր զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան ժամանակ և էներգիա չծախսի»,- ասել էր վարչապետը:

Հետագա ամիսներին քննարկվեց, իսկ ապա հանրությանը ներկայացվեց Պաշտպանության նախարարության զորամասերում սննդի ապահովման հարցը մասնավոր ընկերությունների փոխանցելու փորձնական ծրագիրը:

Այն կառավարության հավանությանն արժանացավ 2019-ի փետրվարի 21-ին: Որոշման նախագիծը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ մինչև այդ պահը սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի էին դարձել խնդիրները, որոնք պայմանավորված էին սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով. «Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը, սակայն, երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի…»,- ասված էր որոշման նախագծում:

Նշվում էր, որ փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերությունների հետ կնքվելու էր 3 տարվա պայմանագիր: Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի:

Հավելենք, որ փորձնական ծրագիրն իրականացվում է Պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի զորամասերում: ՊՆ զորամասերում սննդի մատակարարումը ներկայում իրականացնում է 6 ընկերություն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: