Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մարդկանց ցուցադրական չէինք բռնում, փողը վերցնում ու բաց թողնում». Արտակ Զաքարյան

323
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 00:45
«Մարդկանց ցուցադրական չէինք բռնում, փողը վերցնում ու բաց թողնում». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի ու նրա տեղակալներ Կամո Քոչունցի և Վաչագան Ներսիսյանի աշխատանքից ազատմանը. «Չեմ կարծում, որ աշխատանքում թերացումը լինի, ու դա լինի ազատման պատճառը, դա բացառում եմ։ Նրանք փայլուն տիրապետում են մեր զինված ուժերին։ Մեր իշխանություններն այնքան անտրամաբանական գործողություններ են անում, որ ընդհանուր տրամաբանության մեջ բարդ է գնահատական տալ, հավանաբար կան պատճառներ, որոնք դեռևս հայտնի չեն»,- ասել է Զաքարյանը։

Նա, սակայն, չի բացառել, որ պաշտոնից ազատված կադրերի տեղափոխություն լինի, անգամ Արցախում նշանակվեն նրանք նոր պաշտոնների։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ վերջերս մասնակցել է «Վերնատուն» ակումբի համագումարին՝ հրավիրյալի կարգավիճակով. «Այդ ակումբում կան և՛ փորձառու պրոֆեսիոնալներ, և՛ նոր երիտասարդ ուժեր, որոնք հիմա գտնում են, որ մենք գտնվում ենք այնպիսի քաղաքական իրավիճակներում, որոնք հղի են բազմաթիվ վտանգներով, այդ թվում և՝ կենսական»,- նշել է նա։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Հանրապետական կուսակցության ակտիվությունը, Ա. Զաքարյանը պատասխանել է. «Քանի դեռ իշխանությունը հանգիստ չի թողնում Հանրապետականին, այդքան ժամանակ ՀՀԿ-ն ակտիվ է լինելու»։

Խոսելով իշխանության վարած հակակոռուպցիոն պայքարի մասին՝ Ա. Զաքարյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ «պատերին տալով և ասֆալտին փռելով» չեն պայքարում. «Եթե այդպես լիներ, հիմա Իրանում պետք է վաղուց կոռուպցիան բացառված լիներ։ Վախով, մարդկանց բռնել-բաց թողնելով, դատական, քրեական գործընթացներ ստեղծելով՝ կոռուպցիայի դեմ չեն պայքարում։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համակարգված և խիստ վերահսկելի ձևով»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ Հանրապետականը տասը տարվա ընթացքում այդ տարբերակով չպայքարեց կոռուպցիայի դեմ, նա պատասխանել է. «Մեր իշխանության ժամանակ յուրաքանչյուր տարի այդ պայքարը բարելավվել է։ Մեր խնդիրը երևի այն է եղել, որ մենք դրան դանդաղ էինք գնում և պոպուլիստական հայտարարություններ չէինք անում, կամ էլ՝ մարդկանց ցուցադրական բռնում, փողը վերցնում ու բաց թողնում»։

Մանրամասները՝ տեսանյութում: