Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Դա ճիշտ նախաձեռնություն է». Նազելի Վարդանյանը՝ Լենա Նազարյանի օրինագծի մասին

358
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 17:35
«Դա ճիշտ նախաձեռնություն է». Նազելի Վարդանյանը՝ Լենա Նազարյանի օրինագծի մասին

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Մերի Գալստյանն ու Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով կդադարեցվի մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021թ. ավարտը, մինչև այն ժամանակ, երբ ոլորտի կարգավորման ռազմավարություն կմշակվի։

Փաստաբան Նազելի Վարդանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Դա ճիշտ նախաձեռնություն է: Նման դեպքերում, երբ հանքարդյունահանումը չի սկսվել, միայն թույլտվություն ունեն, կարող են կասեցնել և սպասել ռազմավարությանը: Ներկայիս կառավարությունը իշխանության եկավ հենց այն խոստումով, որ նոր թույլտվություններ չեն տալու, մինչև ռազմավարություն լինի, տեսնեն՝ ինչ են անում»,- ասաց փաստաբանը:

Ըստ էության՝ օրինագիծն օրենք դառնալու դեպքում կարող է տարածվել նաև Ամուլսարի վրա, որը դեռ հանքավայր չէ: Իսկ ինչ վերաբերում է տարիներ շարունակ գործող հանքավայրերին, ապա Ն. Վարդանյանի կարծիքով՝ առհասարակ նրանց նկատամբ պետք է վերահսկողություն սահմանվի, պարտադրվի, որ մաքրող սարքեր տեղադրեն, իսկ բնակչությանն էլ վնասների առկայության դեպքում փոխհատուցում տան: