Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գուցե վաղն էլ քննարկվի վհուկների որսի՞ հարցը». Ավետիք Իշխանյան

314
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 23:35
«Գուցե վաղն էլ քննարկվի վհուկների որսի՞ հարցը». Ավետիք Իշխանյան

«Տպավորությունս այնպիսին է, որ մենք ապրում ենք խորը միջնադարում, և աչքիս առաջ գալիս են Բոսխի նկարները։ Ես չէի պատկերացնի, որ 21-րդ դարում ՀՀ կառավարությունում կքննարկվի սատանայի հարց, գուցե վաղն էլ քննարկվի վհուկների որսի՞ հարցը, ու սկսեն այրել խարույկների վրա…: Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է սկսվել սատանայափնտրությո՞ւն»,- այսօր 168 TV-ի եթերում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայատարարությանը, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզել «որոշ շրջանակների ու Սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»:

Խոսելով Կառավարության՝ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի մասին՝ Իշխանյանն ասել է. «Իսկ ինչո՞ւ այդ օրինագծով վաղ թոշակի չեն անցնում դատաիրավական համակարգի ներկայացուցիչները՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ԱԱԾ և նոր դատարաններ։ Ի վերջո, այդ կառույցներն այն նույն անձնակազմով, ինչով ծառայում էին նախկին իշխանություններին, նույն նվիրվածությամբ հիմա ծառայում են նոր վարչապետին, հետևաբար՝ նրանց վաղ թոշակի ուղարկել պետք չէ, իսկ քանի որ դատավորներից ոմանք երբեմն ինքնուրույնություն են ցուցաբերում, ուրեմն, ըստ իշխանությունների, պետք է պատժել։ Իմ համոզմամբ՝ այս օրինագիծը կաշխատի այն դատավորների վրա, որոնք փորձել են լինել ինքնուրույն և չեն ենթարկվել իշխանությանը. սա լինելու է հերթական սանձահարումը 10-20% դատավորների, իսկ 80% դատավորները հիմա ծառայում են նոր իշխանություններին։ Եվ այս օրինագիծն ուղղված է այդ 10-20%-ին, որոնք չեն ենթարկվում իշխանություններին, նրանց են թոշակի ուղարկելու։ Կապրենք՝ կտեսնենք. տա Աստված՝ ես սխալվեմ, բայց եկեք ուշադիր լինենք և տեսնենք, թե ում նկատմամբ վաղ թոշակը կկիրառվի, արդյոք, օրինակ, Գլխավոր դատախազը վաղ թոշակի կգնա՞»:

Մանրամասները՝ տեսանյութում: