Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Քաղաքապետը պոլիկլինիկանների տնօրեններին չի ստիպում հրաժարական տալ. FIP

200
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 22:05
Քաղաքապետը պոլիկլինիկանների տնօրեններին չի ստիպում հրաժարական տալ. FIP

«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարանի ամբիոնից նոյեմբերի 12-ին հայտարարել էր, թե պոլիկլինիկաների տնօրեններից պահանջում են հրաժարական տալ, «թե չէ հայտնի հետևանքներ կլինեն»։

«Այսօր քաղաքական ընտրություններից հետո անուններ չեմ տալիս, կոնկրետ դեպքեր չեմ ուզում վկայակոչել, եթե պետք լինի, կասեմ, բայց ասենք ընտրվում է քաղաքապետ, կանչում է բոլոր պոլիկլինիկանների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, թե չէ՝ հայտնի հետևանքներով․․․»,- նշել է Պետրոսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ, թե որքանով է պատգամավորի նշած խնդիրը տարածված։ Մասնավորապես, կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ փորձեցինք պարզել, թե քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից ի վեր՝ 2018 թ․ սեպտեմբերից 2019 թ. նոյեմբերի 15-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանին ենթակա առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններում (պոլիկլինիկաններում) քանի՞ տնօրեն է ազատվել աշխատանքից։

Երևանի քաղաքապետի կարգադրությունով ազատվել է 2 պոլիկլինիկայի տնօրեն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ ներկայում գործում է 25 առողջապահական ՓԲԸ։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 2018 թ. սեպտեմբերից 2019 թ․ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է 2 պոլիկլինիկայի տնօրեն։

«Երևանի քաղաքապետարանին ենթակա առողջապահական ՓԲԸ-ներում 2018 թ. սեպտեմբերից մինչ օրս պոլիկլինիկաներից՝ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Թորոսյանի պաշտոնավարումը դադարեցվել է Երևանի քաղաքապետի 18.10.2018 թ. հ. 410-Ա կարգադրությունով, իսկ թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ազատվել է Երևանի քաղաքապետի 18.02.2019 թ. հ. 102-Ա կարգադրությունով»,- նշվում է քաղաքապետարանի գրավոր պատասխանում:

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Արմեն Վարդումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար Վառվառա Մելիքյանն ասաց, որ տնօրենն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ առանց որևէ մեկի հորդորի։

Ի՞նչ հիմքով են ազատվել պոլիկլինիկայի տնօրենները

Ըստ քաղաքապետի կարգադրության՝ թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը ազատվել է սեփական դիմումի հիման վրա։ Իսկ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դադարեցվել են՝ հիմք ընդունելով Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործը, որում վերջինս ներգրավվել է մեղադրյալի կարգավիճակով։

Ինչ են ասում պոլիկլինիկանների տնօրենները

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պետրոսյանի պնդմանը, թե քաղաքապետը կանչում է բոլոր պոլիկլինիկանների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, հերքեցին այն։

«Ոչ, նման բան չի եղել, տնօրեններին նման պահանջ չի ներկայացվել»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց մի քանի պոլիկլինիկանների տնօրենների հետ՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանց նման պահանջ ներկայացվել է, թե՞ ոչ։

Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը Fip․am-ի հետ զրույցում հերքեց նման տեղեկությունը․ «Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ նման բան չի եղել»։

Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպել են 3 ամիս առաջ և նմանատիպ խոսակցություն ոչ նրանից, ոչ էլ փոխքաղաքապետից չի եղել։

«Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ փոխտնօրեն Նունե Դավթյանը ևս նշեց, որ ինքը վստահորեն կարող է ասել՝ նման պահանջ չի եղել․ «100 % նման բան չի եղել»։

«Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարգարյանն էլ ասաց, որ մի քանի ամիս առաջ է քաղաքապետի հետ հանդիպել, և անձամբ իրեն ո՛չ քաղաքապետը և ո՛չ էլ որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Հարությունյանն արձակուրդում էր, սակայն փոխտնօրեն Լուսինե Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան, և միանշանակ կարող է ասել, որ նման պահանջ չի դրվել։ Նա ասաց, որ տնօրենը դեկտեմբերի 1-ից կվերադառնա աշխատանքի»: