Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ես կհամաձայնեմ Հանրային խորհրդի նախագահ աշխատել միայն մի դեպքում». Ստյոպա Սաֆարյան

769
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 16:50
«Ես կհամաձայնեմ Հանրային խորհրդի նախագահ աշխատել միայն մի դեպքում». Ստյոպա Սաֆարյան

«Ես կհամաձայնեմ Հանրային խորհրդի նախագահ աշխատել միայն մի դեպքում՝ եթե իմ և կառավարության պատկերացումները համընկնեն այս կառույցի գործունեության վերաբերյալ: Եթե շարունակենք նույն բանն անել, ինչ արվել է մինչ այժմ, դա իմաստ չունի: Ես վստահ եմ, որ վարչապետն ուզում է, որ Հանրային խորհուրդը դառնա հասարակության և կառավարության միջև կամուրջ հանդիսացող կառույցներից մեկը: Այդպիսի կառույցներ շատ կան: Ուստի՝ եթե այդ խնդրով մենք կունենանք ընդհանուր օրակարգ ու մոտեցումներ, գուցե համաձայնեմ»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ինքը դառնալու է Հանրային խորհրդի նախագահ: Ս. Սաֆարյանն ասաց, որ վարչապետի հետ այդ հարցի քննարկում չի եղել:

Այն հարցին, թե Հանրային խորհրդի այս կամ այն անդամի հետ միջանձնային հարաբերությունները կարո՞ղ են աշխատելու հարցում խնդիրներ առաջացնել, Հանրային խորհրդի անդամն ասաց, որ ինքը խորհրդի որևէ անդամի հետ խնդիր չունի: «Իմ հասարակական գործունեության հարթակը միմյանց սիրելու կամ ատելու վայր չէ: Ես այդպիսի՝ համակրանք-հակակրանքի խնդիր չեմ դրել անգամ արդեն հեռացած նախագահի դեպքում՝ անկախ նրանից, թե ինչպիսին է եղել իր վերաբերմունքը իմ հանդեպ»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մինչ Վ. Մանուկյանի հրաժարականը, Ս. Սաֆարյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է կառավարությանն իր խորհրդատվությունը տրամադրել ՀԽ անդամի անհատ կարգավիճակով՝ որևէ կերպ չասոցացվելով այդ մարմնի հետ:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը՝ Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը MAMUL.am-ին հայտնեց, որ Վազգեն Մանուկյանն իր հեռանալիս որևէ փոխարինողի չի առաջադրել: Իրենք դեռ չեն էլ հստակեցրել, թե օրենքի տվյալ կետը տարածվո՞ւմ է ՀԽ նախագահի հրաժարականի դեպքի վրա: «Դա կառավարության հետ պետք է քննարկենք, դեռ չենք քննարկել, կամ էլ՝ Հանրային խորհուրդը պետք է նիստ հրավիրի՝ որոշակիացնելու համար: Հնարավոր է, որ առաջիկայում Հանրային Խորհուրդը նիստ հրավիրի այդ նպատակով»,- հայտնեց Ա. Գասպարյանը: Նրա պարզաբանմամբ՝ ՀԽ նախագահի հարցը կհանգուցալուծվի միայն 2 թափուր տեղերը մեկամսյա ժամկետում համալրվելուց հետո: Հիմա խորհրդում 2 թափուր տեղ կա՝ Վազգեն Մանուկյանի և Բաբկեն Պիպոյանի՝ ՀԽ անդամությունից հրաժարվելուց հետո:

Ըստ օրենքի՝ թափուր 2 տեղերը պետք է համալրվեն կառավարության կողմից անդամության թեկնածուների առաջադրմամբ: Դրանից հետ ամբողջապես համալրված 45 անդամների կազմից պետք է նախագահ ընտրվի: Ա. Գասպարյանը հայտնեց, որ չնայած ՀԽ նախագահի տեղը թափուր լինելու հանգամանքին, Հանրային խորհրդի հանձնաժողովները շարունակում են բնականոն աշխատել. երեկ նիստ էր գումարել Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը: