Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված. ԻՔՄ

113
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 16:25
ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված» թեմայով:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց շատ չնչին տոկոսն է ներգրավված վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 3 տարիներին 6906 դատապարտյաների միայն 16 տոկոսն է ներգրավված եղել որոշակի աշխատանքներում։
Մինչդեռ, Քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը։
ՔԿՀ-ներում վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներին ներգրավվածությունը կարևոր է այնքանով, որ որոշակի չափով լուծում է նաև ազատազրկվածների զբաղվածության հարցը։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկվածների զբաղվածության հարցը պետք է քննարկել քրեական ենթամշակույթի առկայության ենթատեքստում։
«Պետությունը չի օգտագործում ազատազրկման ժամանակահատվածը, որպեսզի ապահովի դատապարտյալների զբաղվածությունը, նրանց մասնագիտական հմտությունները զարգացնի, բնականաբար, այդ անձինք պետք է իրենց ազատ ժամանակն ինչ-որ ձևով լրացնեն, և այս դեպքում պարարտ հող է ստեղծվում քրեական ենթամշակույթի մեջ ներգրավվելու համար»,- նշում է Նարե Հովհաննիսյանը։
Շարունակում են չլուծված մնալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 և 2018 թվականին արձանագրված խնդիրները։ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բաժնի պետի տեղակալ Վահե Հարությունյանը նշում է, որ զբաղվածությունը կարևոր նշանակություն ունի ինչպես անձի իրավունքների ապահովման տեսանկյունից, այնպես էլ հետագայում հանցագործությունների կանխարգելման։
«Զբաղվածությունն ազատությունից զրկված անձանց հասարակության մեջ վերաինտեգրելու հիմնական ուղղություններից մեկն է: Աշխատանքի շնորհիվ ազատազրկվածների մոտ ձևավորվում են աշխատանքային այնպիսի հմտություններ, որոնք հետագայում նպաստում են նրանց հեշտությամբ վերասոցիալականացմանը։
Այս դեպքում կարևոր են նաև աշխատանքային պայմանները, եթե աշխատանքային պայմաններն անբավարար լինեն, բնականաբար, դատապարտյալները չեն ցանկանա մասնակցել աշխատանքներին»,- ասաց Վահե Հարությունյանը։
Վահե Հարությունյանը կարևորում է նաև խրախուսանքի մեխանիզմների առկայությունը, ինչը կբարձրացնի ազատազրկվածների մոտիվացիան՝ մասնակցելու տարբեր աշխատանքների։
«Ազատազրկված անձը պետք է իմանա, որ տարբեր աշխատանքներում իր ներգրավվածությունն իրեն տանելու է շատ բարձր հավանականությամբ պատժից վաղաժամկետ ազատվելուն։ Սա մոտիվացնող հենակետ է, որով կարելի է բարձրացնել նրանց ներգրավվածությունը տարբեր աշխատանքներում»,- նշեց Վահե Հարությունյանը։