Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն». Արմեն Գրիգորյան

407
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 14:50
«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն». Արմեն Գրիգորյան

Նոյեմբերի 14-ի կառավարության նիստում քննարկվել է նաև ՍԴ ճգնաժամի հարցը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն և սահմանափակումներ է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք իրագործել ժողովրդավարական այն սկզբունքները, որոնք հայտարարված են Սահմանադրությամբ և որոնք երկրի զարգացման համար կարևոր պայման են»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Այն հարցին, թե ինչո՞ւ են Հ. Թովմասյանի մասին հիմա հիշել, Ա. Գրիգորյանը նկատել է, որ ՍԴ մասին առաջին անգամը չէ, որ խոսում են, միշտ է խոսվել: Ձեռնարկվելիք վճռական քայլերի մասին էլ նա բացահայտումներ չի արել՝ միայն ասելով, որ վճռական քայլերը բազմաշերտ են:

Ա. Գրիգորյանը հիշեցրեց, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հ. Թովմասյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություն են կատարում երկիրը ժողովրդավարական դարձնելու համար, և որևէ վերարտադրության խնդիր դրված չէ:

«Պատմությունը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար և դրա շրջանակում Հ. Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, երկրում ստեղծեց ճգնաժամ, որի արդյունքում եղավ հեղափոխությունը: Հ. Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, բայց այնտեղ կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն»,- նշել է Ա. Գրիգորյանը: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների սկզբունքներից մեկն էլ այն է եղել, որ ՍԴ 9 անդամները պետք է առաջադրվեն հետևյալ սկզբունքով՝ 3-ական թեկնածու պետք է ՀՀ նախագահի, կառավարության ու Դատական խորհրդի կողմից: Մինչ այժմ այդ սկզբունքն իրականացված չէ: