Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

«Առք ու վաճառք կատարեցին»․ Սամվել Բաբայանը՝ բանակցություններից Արցախի դուրս մնալու մասին

139
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 00:00
«Առք ու վաճառք կատարեցին»․ Սամվել Բաբայանը՝ բանակցություններից Արցախի դուրս մնալու մասին

«Միացյալ հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»:

«Չեմ կարող ասել՝ ում է վերաբերում, որովհետև նախագահներից որևէ մեկը բացահայտ չի արտահայտվել այդ մասին։ Չեմ լսել, որ նախագահներից որևէ մեկը ասի, որ Ղարաբաղը չպետք է մասնակցի, ինքն է բանակցում, բայց փաստացի այդպես դարձավ: 1999 թվականի երկրորդ կեսից հետո այլևս Ղարաբաղը որևէ դեր չուներ բանակցություններում, և՝ մինչև օրս»,- եթերի ընթացքում ասել է Բաբայանը:

Ճշտող հարցին, թե դա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանա՞կ էր, Բաբայանը պատասխանել է. «Այո՛, այդ ժամանակ։ Ղարաբաղը հետզհետե մնում էր հետ։ Չէր մասնակցում...: Ես ասում եմ փաստը, որ 1998 թվականից վերջին փաստաթուղթը՝ «Ընդհանուր պետության սկզբունքները», որ Ղարաբաղին ներկայացվեց, դրանից հետո միառժամանակ բանակցվել է, և 1999-ի երկրորդ կեսից հետո այլևս Ղարաբաղի կարծիքը որևիցե մեկը չի հարցրել»,- նշել է նա։

Պատճառն, իր տեղեկություններով, Ղարաբաղում իր անձի շուրջ 1999 թվականի «թոհուբոհն» էր. «Դա բերեց նրան, որ Հայաստանն առիթից օգտվեց և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը դա վերցրեց: Առք ու վաճառք կատարեցին, մի խոսքով։ Դա է փաստը»,- ասել է Բաբայանը։ Նրա խոսքով՝ 1997-98 թթ. Պաշտպանության բանակն իր դերն ու կշիռն ուներ բանակցային գործընթացում: 1999 թվականին, ըստ նրա, որոշվեց բանակի դերը թուլացնել. «Իմ դեմ քայլեր եղան։ Դա բերեց նրան, որ Հայաստանի իշխանությունը վերցրեց իր վրա և Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից։ Այն ժամանակվա Ղարաբաղի իշանությունները վաճառքի են դրել իրենց ինքնուրույնությունը, առևտրի են գնացել՝ թալանի դիմաց»: Անդրադառնալով Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի 3 կողմերի՝ Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ Բաբայանն ասել է. «Նման լուծում չի կարող լինել։ Թե ինչ նկատի ունի՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի, ես չգիտեմ, բայց հայ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի, որովհետև պատերազմը մենք չենք սկսել, Ադրբեջանն է սկսել, պարտադրել է այդ պատերազմը, և այդ պատերազմում պարտվող կողմը պետք է ընդունի պարտությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Առք ու վաճառք կատարեցին»․ Սամվել Բաբայանը՝ բանակցություններից Արցախի դուրս մնալու մասին