Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտվել

137
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 17:10
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք է բացահայտվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով՝ դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:

Հիշյալ պատրվակով, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։