Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արման Բաբաջանյանը`«Միքայել Մինասյանի պրոյեկտ» լինելու մասին

392
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 00:00
Արման Բաբաջանյանը`«Միքայել Մինասյանի պրոյեկտ» լինելու մասին

«Այն, ինչ ես ասել եմ Միքայել Մինասյանի մասին, կոնկրետ առնչվել է նրա դեսպանության երկու կարևոր իրադարձության հետ»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ժամանակին գովաբանել է Սուրբ Աթոռում նախկին դեսպանին։

Բաբաջանյանն ասել է, որ ինքը գովաբանել է, երբ 2015 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր կազմակերպվել Սուրբ Պետրոսի տաճարում, իսկ մյուս դեպքը, երբ Հռոմի Պապի այցն էր կազմակերպվել Հայաստան։

«Ես ընդամենը գնահատանքի խոսք եմ ուղղել՝ գնահատելով որպես դեսպան նրա աշխատանքը։

Բայց ինչ բացահայտվել է դրանից հետո, ինձ ուղղակի ապշեցրել է, այն բացահայտումները, որ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, ուղղակի սարսափեցնող են, թե ինչպես կարող է մարդը սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ այդպես անպատասխանատու վերաբերմունք դրսևորել՝ զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնը, այդ հանգամանքն օգտագործելով՝ կեղեքել, հարստահարել սեփական երկիրն ու սեփական ժողովրդին»,- ասել է նա։

Հարցին, թե իրեն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հաճախ անվանել են «Միքայել Մինասյանի պրոյեկտ», ի՞նչ առնչություն ունի Բաբաջանյանը Մինասյանի հետ, նա պատասխանեց, որ իրենք 90-ականներին ուսանել են Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ինքը եղել է մեկ կուրս ավագ, առնչվել են որպես զուտ ուսանողներ։

«Դրանից հետո ես երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել նրա հետ։ Անհեթեթ է, որ կարող է Միքայել Մինասյանի աջակցության կարիքն ունենամ, քանի որ ես այսօր իմ գործունեությամբ, իմ հայտարարություններով ցույց եմ տալիս, թե ինչ պատկերացում ունեմ Հայաստանի, ապագայի մասին, ինչպիսի Հայաստան եմ պատկերացնում։ Իմ պատկերացրած Հայաստանում չի կարող Միքայել Մինասյանի նման մեկը տեղ ունենալ, առավել ևս տեղ ունենալ այն կարգավիճակով, որը նրան վերապահված էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում»,- ընդգծել է Բաբաջանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արման Բաբաջանյանը`«Միքայել Մինասյանի պրոյեկտ» լինելու մասին