Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել. ԲԴԽ

297
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 17:10
Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել. «Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։
Խորհրդի անդամների հորդորով՝ նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։
Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի՝ ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը՝ ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել»։