Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Ինչ ճակատագիր ունեցան Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները

147
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 22:05
Ինչ ճակատագիր ունեցան Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները

Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված և այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները՝ Վահեն ու Վահանը, կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետև հարևաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում և նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: «Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաև երեխաների տատիկը՝ մորական կողմից:

Քննարկումներ, շփումներ, սոցիալական աջակցություն. փաստորեն այս ամենը չի օգնել փոքրիկների մորը, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր երեխաների խնամքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայրը երեխաներին 2018 թվականի հոկտեմբերի 18-ին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողել էր Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: