Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

«Ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում». Հայկ Մարտիրոսյան

180
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 21:50
«Ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայերը կովկասցի չեն: Ամենևին կովկասցի չեն: Եվ Հայաստանն էլ Կովկասում չէ: Դա հասկանալու համար ընդամենը պետք է քարտեզ իմանալ: Կամ գոնե նայել դրան: Դրա համար անհրաժեշտ է նաև հայոց լեզու և պատմություն անցած լինել բուհում: Կամ ուղղակի ճանաչել ազգային պատմությունը խորքից: Գուցեև կովկասյան որոշ բարքեր մենք որդեգրել ենք, բայց մեր և բուն կովկասցիների, օրինակ՝ դաղստանցիների, ինգուշների կամ կարաչայների տարբերություններն ահռելի են: Եվ ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ժողովրդին, իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում:

Հայերը նաև «արիացի» չեն: Բոլորովին չեն: Եվ պատահական չէ, որ արիական հասկացությունը կիրառած ազգը՝ պարսիկները, վաղ միջնադարում իրենց համարում էին արիական ցեղեր, իսկ հայերին՝ ընդգծելով ոչ արիական:

Եվ արիական հասկացության արդի ընկալումն էլ, որ բոլորովին այլ է ու զազրելի և ամոթալի մի բան է այլևս. ձևավորվել է Նիցշեի ուսմունքի ազդեցության ներքո և բյուրեղացվել ֆաշիզմի կողմից: Հիմա դա բոլորովին այլ իմաստ ունի քան իրանական ցեղային ընդհանրություն շեշտող և խորքում «բարձր ռասա-օտարներ» իմաստ ունեցող հին պարսկական «իրան և անիրան» - «երան և աներան» բաժանումը:

Իսկ այս իշխանությունը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի և ողջ թիմի, ապազգային գծի անխոնջ ջատագով է: Հայերենի դուրսմղումը ուսումնական բուհական ծրագրերից ուղղակիորեն հակահայկական քայլ է: Օքսֆորդում անգլերենը պարտադիր չէ, որովհետև անգլիացիներն իրենց լեզուն տարածել են աշխարհի վրա և ո´չ լեզուն և ո´չ էլ իրենց ազգային մշակույթը դեռևս հաստատ կորստի վտանգի առջև չեն, նամանավանդ, որ արտագաղթ չունեն, իսկ սահմաններին՝ իրենց ոչնչացնել տենչացող թշնամի: Անգրագետ ինստագրամիստներով, պսևդոլիբերալներով և պսևդոազգայնականներով հարուստ մի երկրում ինչպիսին Հայաստանն է և որտեղ այս իշխանության կադրերի պես մարդիկ են կառավարում՝ ոչ միայն մշակույթը այլև ազգային ինքնությունը եղել են վտանգի տակ ինչպես այն ժամանակներում երբ իշխանության էին մոլի դաշնակցականներն ու հակահանրապետական հանրապետականները, այնպես էլ՝ այսօր, երբ կառավարում է ապազգային տգետների խմբավորումը:

Մել Դալանուզյանի մասին ֆիլմը, Ստամբուլյան կոնվենցիան, «սորոսականթյունը» և մյուս խնդիրներն էլ կեղծ օրակարգեր են, որ փչվել են և դարձել արդյունավետ պրոպագանդիստական գործիք մի իշխանության դեմ, որ այն աստիճան թույլ է, անհեթեթ և ապազգային, որ բռնել է հաստատ ինքնասպանության ուղին՝ դեպի մահ առաջնորդելով նաև հանրային հույսն ու ազգային-պետական ապագան:

Վստահ եմ, որ այս իշխանությունը շուտով կդադարի իշխանություն լինելուց, իսկ դրա հետևանքների ողջ բեռը կընկնի ժողովրդի վրա: Նախկին ռեժիմի՝ նոր դեմքով ռեստավրացիան լուրջ սպառնալիք է և անչափ հնարավոր մի սցենար: Այսպիսի իշխանություն ունենալիս նախկին ռեժիմի՝ բոլորովին նոր դիմակով և հանդերձանքով վերադարձի համար առանձնապես մեծ ջանքեր էլ այլևս, կարծես թե, պետք չեն: Եվ կգա ժամանակ, երբ առավել վատ իրականություն ստանալով՝ մենք կանիծենք այսօրվա իշխանությանը, որ տապալեցին ժողովրդի սկսած և իրենց հանձնած հեղափոխությունը, պրիմիտիվ ստերով կերակրեցին ինքնախաբեությամբ հուսադրվող չկրթված, բայց մարտականորեն տրամադրված և իրենց մոլեռանդորեն պաշտպանող մի զանգվածի և հիմքեր ստեղծեցին Հայաստանի առավել ճահճացման ու ծայրաստիճան թուլացման համար»: