Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

«Մենք ուզում ենք հենց այդ լայնածավալ պատերազմներին պատրաստ լինել». Անդրանիկ Քոչարյան

140
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 16:15
«Մենք ուզում ենք հենց այդ լայնածավալ պատերազմներին պատրաստ լինել». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի բերած փաստերը նորություն չեն:

«Չեմ ուզի մեկնաբանել: Հիմա մենք պաշտպանության նախարարության հետ ինտեսնսիվ աշխատում ենք, և թերությունները պետք է մեկս մյուսին օգնելով գտնենք, լուծենք: Իհարկե, շատ բաներ պաշտպանության նախարարությանը հասանելի են եղել: Խնդիրն այն է, թե արդյոք դրանից հետո եղած որոշումները ճիշտ են եղել, կատարվե՞լ են, թե՞ չեն կատարվել»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա նշել է, որ առաջին փուլում պետք է հասկանան բանակի կառավարելիության մակարդակն ինչպիսին է եղել, և ինչ բնույթի ու ծավալի գործողություններ են տեղի ունեցել ապրիլին: Ա. Քոչարյանը նկատել է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այդ պատերազմին «լայնածավալ» որակումն է տվել, մինչդեռ ինքը «կվախենար» նման գնահատական տալ: Նա այդ որակումը ժամանակավրեպ է համարել՝ պնդելով, որ ՀԽ նախագահը չէր կարող նման գնահատական հնչեցնել իր տեղեկատվության սահմաններում:

«Այլ հարց է, որ Վ. Մանուկյանը որպես պաշտպանության նախկին նախարար այդ գործողությունները կարող է դիտել որպես լայնածավալ, բայց մեր հակառակորդի այսօրվա սպառազինության պայմաններում լայնածավալ պատերազմը լրիվ այլ բնույթի են: Եվ մենք ուզում ենք հենց այդ լայնածավալ պատերազմներին պատրաստ լինել, որպեսզի և՛ զոհերը լինեն քիչ, և՛ մեր հաջողությունները լինեն ծանրակշիռ»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը: Նա ասել է, որ եկող շաբաթ հանձնաժողով է հրավիրվելու 2 պաշտոնյա՝ առանց անուններ նշելու: Ըստ Ա.Քոչարյանի՝ հանձնաժողովը կաշխատի այս տարվա ընթացքում ամփոփել ի մի բերված տեղեկատվությունը: