Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Ավարտվել է 7 տարեկան երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

100
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 12:45
Ավարտվել է 7 տարեկան երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ, տեղեկացրել ենք, որ 2019-ի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:

Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 30-ամյա կինը նախկինում հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նրա մոտ իրավախախտումը կատարելիս հայտնաբերվել է «Անձի և վարքի օրգանական խանգարումներ, գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով՝ անձի բնութագրական փոփոխություններով, գիտակցության մթնաշաղային /հոգեկան գործունեության ժամանակավոր/խանգարումով» հիվանդություն, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: