Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

«Եթե իմանամ՝ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն». Արթուր Վանեցյան

174
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 00:50
«Եթե իմանամ՝ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար:

«Ես կարող եմ հրաժարականի մասին մտածել միայն այն դեպքում, եթե գիտակցեմ, որ չեմ կարողանում լիարժեք կատարել իմ պարտականությունները»,- ասել է Վանեցյանը Factor TV-ի եթերում:

Վանեցյանն անդրադարձել է նաև ՊՎԾ-ի կողմից ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնելուն: Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց Վանեցյանի ղեկավարման ժամանակաշրջանը: Հարցին, թե վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի, ԱԱԾ նախկին ղեկավարը պատասխանել է. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»:

Օրերս «Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել: Այն ընկերություններից մեկը, որը ձեռք է բերել բաժնեմաս, նույն հասցեում գրանցված է մեկ այլ ընկերության հետ, որի սեփականատերերը Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներն են: Այս առչությամբ Վանեցյանն ասել է. «Ես և իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի սեփականատերեր չենք հանդիսանում… Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս և մայրս որևէ առնչություն չունենք կոմբինատի հետ: Ես նաև հերքում եմ հորեղբորս որդիների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»:

Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև իր հավանական ձերբակալությանը նշելով, որ եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն:

Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո եղան տեսակետներ, որ նրա հայտնի հայտարարության «կանգ առ»-ի կոչն ուղղված էր կոռուպցիոն բացահայտումներին, այն է՝ կան մարդիկ որոնց չարաշահումներին չպետք է անդրադառնալ, որովհետև նա նրանց հետ համաձայնության է եկել: «Ես չեմ ուզում անդրադառնալ այս հարցին: Ես այն մարդը չեմ, որ կոռուպցիայի բացահայտմանը «կանգ առ» ասեմ»,- վստահեցրեց նա:

Հարցին՝ գուցե կոչն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի՞ն, Վանեցյանը հրաժարվել է պատասխանել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: