Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

«Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է». Շահեն Հարությունյան

122
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 23:10
«Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակն է խոսել այս մասին։ Լրացավ մեկ տարին, ինչ Շանթ Հարությունյանը հինգ տարվա բանտային կալանքից հետո ազատ է արձակվել։ Այս մեկ տարվա ընթացքում անդադար կարծիքներ եմ լսել՝ կապված Շանթ Հարությունյանի լռության հետ։ Բազմաթիվ պատեհ առիթներով նշել եմ, թե ինչու հանրային ակտիվությամբ հանդես չի գալիս Շանթ Հարությունյանը։ Այնուամենայնիվ, իմ կողմից առաջ քաշած բոլոր պատճառաբանություններն այդպես էլ մնացին լուսանցքում և շարունակվեց հատուկ ընդգծված կերպով արշավ՝ Շանթ Հարությունյանի լռության դեմ։ Խնդիր էր դրված վարկաբեկել Շանթ Հարությունյանին և ըստ էության փորձել արժեզրկել նրա հնարավոր հանրային ելույթներն ու ակտիվությունը։ Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է, որը, ցավալիորեն, բավականին հեշտորեն կիրառվում է հայ հասարակության գրեթե բոլոր շրջանակներում։ Հիմա ամբողջապես ներկայացնեմ իրավիճակը։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ խոսքս ուղղված է բոլոր ազնիվ և պարկեշտ քաղաքացիներին։ Հարգելի՛ հայրենակիցներ, պարզաբանելով միտքս, նշեմ, որ Հայաստանում այս պահին հանրային և պետական մտահոգության առարկաներ են հետևյալ խնդիրները.

1. Արցախյան հիմնահարցի կարգավորում. Պատերազմ, թե՞ խաղաղություն,

2. ՀՀ ընդհանուր արտաքին քաղաքականություն. Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք փոխհարաբերություններ,

3. ՀՀ ներքին արժեհամակարգի ձևավորման խնդիր. արժեքների հեղափոխություն,

4. Երկրի ներքին անվտանգության ապահովման, արդարադատության և օրինականության պահպանման խնդիր,

5. Տնտեսական բարեփոխումների խնդիր. Հայաստանում ներդրումների, աշխատատեղերի հարց

Իմ և Շանթ Հարությունյանի դիտարկմամբ՝ բոլոր վերոնշյալ այս խնդիրներն են, որ այսօր հանրային ակտիվ քննարկումների տեղիք են տալիս՝ ընդհուպ հանգեցնելով կոնֆրոնտացիոն դրսևորումների։ Քանի որ այսօր հիմնական օրակարգային խնդիրները սրանք են, ուստի Շանթ Հարությունյանը նպատակահարմար չի գտնում խոսել հիմա՝ համարելով, որ ինքն իրեն կրկնելու անհրաժեշտություն չունի։ Այս վերոնշյալ հարցերին նա անդրադարձել է դեռևս բանտային մոտ 3 ժամ տևողության ասուլիսի ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 8-ին։
Բոլոր մարդիկ, ովքեր իսկապես և ազնվորեն ցանկանում են իմանալ Շանթ Հարությունյանի կարծիքն այս խնդիրների շուրջ, հորդորում եմ՝ ևս մեկ անգամ ամբողջապես լսել Շանթ Հարությունյանի բանտային ասուլիսը։
Իսկ բոլոր մնացածներին ոչինչ չունենք ասելու և պարզաբանելու։

Եվ վերջում տեղեկացնեմ, որ Շանթ Հարությունյանը աչալրջությամբ հետևում է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական գործընթացներին։ Կարևոր է նշել, որ ուշադիր հետևում է նաև հանրային տրամադրություններին և եթե Շանթ Հարությունյանը զգա, որ նոր խոսքի կարիք կա, ապա հանգիստ եղե՛ք։ Շանթին ոչինչ հետ չի պահի՝ ազատորեն ներկայացնելու իր մտքերն ու կարծիքները։

Հ.Գ. Իսկ սա անձնապես իմ կողմից՝ ուղղված բոլոր ազնիվ միամիտներին և՛ բոլոր միտումնավոր սրիկաներին.

Արդեն 70 տարուց ավելի է, որ Հարությունյան ընտանիքը երբեք չի լռել և պայքարել է Հայաստանի և հայ ժողովրդի ազատության և անվտանգության համար՝ սկսած Խորհրդային միության ժամանակներից ընդհուպ մինչև մեր օրեր։
Արդեն 4 սերնդի չեն կարողանում լռեցնել թե՛ Խորհրդային բանտերով և թե՛ այլ դաժան հալածանքներով։ Եվ դուք՝ միամիտնե՛ր կամ սրիկանե՛ր, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իմ հասարակ աշխատանքը (պատգամավորի օգնական լինելը), կարող է ինձ և հորս հետ պահել տասնամյակներ ընթացող պայքարից։

Հետևությունները թողնում եմ Ձեզ...»: