Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

86
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 13:10
«Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի՝ քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ. Վ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 1 ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Քրեական գործի նախաքննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ժ. Վ.-ին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս, անձնական շահագրգռվածությունից ՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, տեղյակ լինելով, որ հիշյալ օրն «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր, կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն՝ միջոցներ չի ձեռնարկել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված՝ արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին: Ժ.Վ.-ի վերը նկարագրված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը:

Առաջադրված մեղադրանքում Ժ. Վ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական գործից Ժ.Վ-ի անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: