Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Ինչպե՞ս կանխարգելել դեղորայքային թունավորումները երեխաների շրջանում

141
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ., 09:20
Ինչպե՞ս կանխարգելել դեղորայքային թունավորումները երեխաների շրջանում

Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երեխաները, տան դեղարկղիկից գտնելով դեղի տուփը կամ սրվակը, ամբողջությամբ խմում են պարունակությունը, ինչը կարող է ալերգիկ շոկի կամ սուր դեղորայքային թունավորման պատճառ հանդիսանալ:

Նույնիսկ դեղորայքի մեկ հաբը կարող է մեծ վնաս հասցնել երեխայի փխրուն օրգանիզմին:

Երեխաների և ողջ ընտանիքի առողջությունը պահպանելու, ինչպես նաև դեղորայքից թունավորվելու վտանգից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հետևել դեղորայքի պահման մի քանի պարզ կանոնի։

Կանոն 1
Դեղորայքն անհրաժեշտ է պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս: Դեղորայքը պահելու համար ամենահուսալի տեղը կողպված պահարանն է:
Պետք չէ հույս դնել պաշտպանիչ կափարիչների վրա, անհրաժեշտ է «կողպել» դեղերը:
Խորհուրդ չի տրվում ընդունել դեղորայք երեխայի ներկայությամբ. նրանք սիրում են նմանակել ծնողներին: Անհրաժեշտ է ուշադիր լինել հյուր գնալիս. ոչ բոլորն են զգուշավոր դեղորայքը պահելու հարցում: Օրինակ՝ տատիկները և պապիկները հաճախ են դեղորայք ընդունում, որոնք վտանգավոր են երեխաների համար և կարող են գտնվել երեխաների համար հասանելի տեղում։

Յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է հավաքել և պահել դեղորայքը:

Կանոն 2
Մանկական դեղորայքն անհրաժեշտ է պահել բնօրինակ փաթեթավորմամբ՝ կիրառման հրահանգի հետ մեկտեղ, ինչը հնարավորություն կտա խուսափել ինչպես սխալ դեղորայքի օգտագործումից, այնպես էլ գերդեղաչափումից:
Ցանկալի է փոքրերի և մեծահասակների համար նախատեսված դեղորայքը պահել առանձին: Կտրականապես արգելվում է երեխային տալ մեծերի համար նախատեսված դեղը, քանի որ հնարավոր է դեղաչափի սխալ հաշվարկ՝ նույնիսկ դեղահատը կիսելու կամ քառորդների բաժանելու պարագայում:
Կանոն 3
Դեղը չնույնացնել կոնֆետի հետ, և առանց երեխային վախեցնելու, նրան բացատրել «դեղ» բառի իմաստը։ Անհրաժեշտ է երեխային օգնել հասկանալ, որ առանց ծնողների թուլտվության չի կարելի խմել ցանկացած անծանոթ բան:

Կանոն 4
Անհրաժեշտ է պարբերաբար վերանայել տնային դեղարկղիկը՝ ազատվելով ժամկետանց դեղամիջոցներից։
Կանոն 5
Նախընտրելի է էլեկտրոնային ջերմաչափերը գերադասել սնդիկային ջերմաչափերից, որոնք առավել հարմար և անվտանգ են երեխաների օգտագործման համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն