Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

«Փաշինյան Նիկոլին եմ դիմում՝ ռեժիմը կեղծիք է գրել». Արմեն Բիլյան

106
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 12:35
«Փաշինյան Նիկոլին եմ դիմում՝ ռեժիմը կեղծիք է գրել». Արմեն Բիլյան

«Սասնա ծռերի» գործով դատավարության ավարտին խոսք տրվեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին: «Երեք տարի 3 ամիս դատավարություն է գնում: Որ պահին պետք է եղել՝ հանրային պաշտպան փոխեն, հանրային պաշտպան բերեն, անկախ նրանից՝ գործերին ծանոթ է եղել, ծանոթ չի եղել, բողոքել եմ, ասել եմ, որ չեմ ուզում հանրային պաշտպան, պարտադրել եք, որ հանրային պաշտպան լինի: Հիմա մարտավարական այս հնարքներով, միտումնավոր դատերը հետաձգելով, ինչի՞ եք հասնելու»,- նախագահող դատավոր Պետրոս Մակյանին հարց ուղղեց Ա. Բիլյանը:

Վերջինս փորձեց ճշտել, թե «միտումն» ո՞ւմ կողմից է եղել: «Թեկուզ հանրային պաշտպանների կողմից, որ Դուք էլ լավ գիտեք՝ էսքան ժամանակ դատավարություն եք անում պարոն Մակյան, երբ պետք է եղել՝ փոխել են, ծանոթ եղել է գործին, թե ոչ, ասել եք՝ ոչինչ, թող մնա պաշտպան: Իմ կարծիքը հաշվի չեք առնում, դրանից եմ բողոքում»,- ասաց Բիլյանը:

Դատավորը հակադարձեց՝ ասելով, որ եթե հանրային պաշտպան չլիներ, մի 4-5 տարի էլ դեռ կքննեին այս գործը. «Հիմա ինչի՞ց եք դժգոհում»,- զարմացավ նա:

Պատասխանելով՝ ամբաստանյալն ասաց. «Նրանից եմ դժգոհում, որ հետամուտ չեք լինում, որ գործը ոնց պետք է քննվի: Էն մարդիկ, որ ասում են՝ ռեժիմն է գրել կեղծիքը, հիմա հարցս Փաշինյան Նիկոլին եմ ուղղում՝ ռեժիմը կեղծիք է գրել»:

Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ դատարանն առանց իրավական որևէ հիմքի, միտում ունի պահելու Արմեն Բիլյանին նախնական կալանքի տակ. «ՄԻԵԴ-ը հնարավոր է վաղը, մյուս օրը որոշում կայացնի, բայց չէ՞ որ մարդու կյանքից են գնում կալանքի տակ մնալու օրերը»,- ասաց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանների բացակայության պատճառով, այսօր ևս հետաձգվեց «Սասնա ծռերի» դատավարության քննությունը: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին: