Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կամ էս ամեն ինչն արմատախիլ կարվի, կամ կշարունակեք երեսպաշտորեն սգալ հերթական ողբերգությունը». Վահրամ Թոքմաջյան

357
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 13:05
«Կամ էս ամեն ինչն արմատախիլ կարվի, կամ կշարունակեք երեսպաշտորեն սգալ հերթական ողբերգությունը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վտանգավոր միտում եմ տեսնում ոստիկանին սպանած եղբայրների շուրջ, մանկության դառնության լեգենդ ստեղծելու:
Նրանք պետք է պատժվեն ու պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ առավելագույն չափով: Սա ինձ համար հստակ է ու որևէ այլ փաստարկ ընդունելի չէ:
Հիմա գանք ըստ էության: Սպանված ոստիկանը մեր հասարակության փակ շղթայի զոհն է: Ցավոք, նա վերջինը չի լինի: Պետական ու հասարակական բոլոր համակարգերն անցնող տարիների ընթացքում այլասերվել են:

Ա. Հասարակությունը՝ օտարել է խնդիրների լուծման իր մասնակցայնության իրավունքը:
Բ. Դպրոցը՝ շառից-փորձանքից հեռու ընտրություն է կեղծել, գնահատական կեղծել, հաճոյացել հարուստին ու իշխանավորին, ծեծել ու նվաստացրել աղքատին, իսկ դժվար դաստիարակվողին դուրս շպրտել կամ աչք փակել:
Գ. Սոցիալական ծառայությունները՝ համայնքային թե պետական, զբաղված են եղել փող լափելով, տատիների նպաստը կտրելով ու ջպատերերին նպաստ տալով: Հետնախորշերում ապրող երեխաները, մուրացիկությունը, թափառաշրջիկությունը բնավ նրանց խնդիրը չի եղել ու շարունակում է չլինել:
Դ. Ոստիկանության շատ ներկայացուցիչներ, օրենք պաշտպանելու փոխարեն գողական են գնացել կամ գործեր կարել ըստ իշխանությունների հաճոյության, բայց պեչենի գողացողին հատուկ զախվատով են բաժին տարել:
Ե. Գողապետական հակամշակույթը սերմանվել է ամեն օր՝ քուչում, դպրոցում, իշխանության վերին էշելոններում, եթերում, մի խոսքով՝ ամենուր:
Զ. Դատարանները կաշառվել են, ենթարկվել ու սպանության համար կամ երկու տարի պայմանական են տվել, կամ էլ բավարար ապացույց չեն գտել:
Հարդյունս գոյացել է մի փակ շղթա, երբ յուրաքանչյուրը մտածել է միայն իր դռան շեմի մասին, երբ պիսկելը, ծակելը, գողանալը, լպիրշությունը, քֆուրը, հանրային բարիքը յուրացնելը լավ տղություն է, իսկ ջութակ նվագելը կամ մանկավարժությամբ զբաղվելը՝ ծյապիկություն:
Կամ էս ամեն ինչը արմատախիլ կարվի, թեկուզ բռնի ու պարտադրանքի մեթոդներով կամ կշարունակեք երեսպաշտորեն սգալ հերթական ողբերգությունը:
Ու հանկարծ, սոցիալապես ծանր մանկությունը աչքս չմտցնեք: Ձեր տրամաբանությամբ, երկրաշարժ, պատերազմ տեսած ու դրանց դաժանագույն հետևանքները կրած դեռահասները պետք է լինեին հանցագործներ»: