Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բայց ինչո՞ւ գաղտնի և ումի՞ց գաղտնի». Լիլիթ Գալստյան

323
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 16:20
«Բայց ինչո՞ւ գաղտնի և ումի՞ց գաղտնի». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴՈՒՔ ԱԶՆԻՎ ՉԵՔ ԵՎ ԱՆՓԱՌՈՒՆԱԿՈՐԵՆ «ՄԻԱՄԻՏ»
«Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է»․ երեկվանից՝ եռման ջրի պես հանրության գլխին իջած այս բացահայտմանը փորձում եմ պատճառաբանություն գտնել կամ գնահատական տալ։ Մեղմ չի ստացվում, դիվանագիտական չի ստացվում, ոչ էլ՝ քաղաքական։ Սա պարզապես անազնիվ է և ոչ բարոյական։

Պատկերացնում ե՞ք, երբ մի քանի ամիս առաջ պարգևավճարների (դարձյալ գաղտնազերծված) հանրահայտ դեպքերով հանրությունը ընդվզեց, փորձելով տրամաբանություն և ընթացակարգեր գտնել, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարզաբանումներ արեցին, արդարացան, թե՝ նախորդ ռեժիմի ժառանգություն է, վերատեսության կենթարկեն ու էլի հեքիաթներ․․․

Այո, հեքիաթներ, որովհետև հավանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հավաքներում նախարարական աշխատավարձերի բարձրացման գաղտնի պակտն էր մշակվում։ Դուք ոչ միայն ազնիվ չեք, այլև անփառունակ «միամիտ», գուցե՝ չտես։ Ինչպես կարող եք մտածել, որ կարելի է կոծկել․․․ Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ում։ Այն ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք։ Այն ժողովրդին, որի անունը շահարկելով գաղտնի որոշումներ եք ընդունում։ Ես ու շատերը իրավունք ունենք մտածելու, որ դուք այդպես գաղտնի նաև ճակատագրական այլ որոշումներ կարող եք ընդունել։ Իսկ դուք համարյա թե ուղիղ դեմոկրատիա էիք հայտարարել, Հին Հռոմի հանգույն հրապարակն էր որոշում։

Անկեղծանամ․ ամեն անգամ փակ նիստ արտահայտությունը լսելիս՝ մտածել եմ՝ Արցախյան խնդրով մի հարց է։ Այնինչ․․․մինչ Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն աճել է 20,9%-ով, ՀՀ Կառավարությունը որոշել է չավելացնել պաշտպանական բյուջեն՝ միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։
Այդ խաղաղ նշատակներով էլ նախարարի աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարինը՝ 1 միլիոն 60 հազար դրամ, գլխավոր քարտուղարի աշխատավարձը՝ 870 հազար դրամ։
Արժանապատիվ ապրելու և վարձատրվելու իրավունք բոլորն ունեն, գուցե բարձև պատասխանատվություն ունեցողներն՝ առավել, բայց ինչո՞ւ գաղտնի և ՈՒՄԻ՞Ց գաղտնի։
ԴՈՒՔ ԴՈՒՔ Ոչ վաղ անցյալում դուք ժողովրդի կառավարությունն ու Ազգային ժողովն էիք․․․»: