Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Միտումնավոր վրաերթ՝ Նոր Խարբերդում

460
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 18:45
Միտումնավոր վրաերթ՝ Նոր Խարբերդում

Հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։
Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլև դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ։
Ավագ օպերլիազոր Արծրուն Միքայելյանի խոսքով՝ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Օպելը» վարած 30-ամյա տղամարդն ու վրաերթի ենթարկված անձինք դեպքից մի քանի րոպե առաջ վիճել են, որն ուղեկցվել է փոխադարձ հարվածներով։ Այս միջադեպից հետո 30-ամյա տղամարդը իր «Օպելով» դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի 16-րդ փողոցում հավաքված անձանց։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի ու խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով Շենգավիթի քրեական հետախույզները հայտնաբերեցին «Օպել»-ի վարորդին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա տղամարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հոկտեմբերի 19-ին նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

Միտումնավոր վրաերթ՝ Նոր Խարբերդում