Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով». Սարհատ Պետրոսյան

424
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 15:15
«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով». Սարհատ Պետրոսյան

Հոկտեմբերի 21-ին Կադաստրի կոմիտեում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն:Դրա մասնակիցներին հրաժեշտի խոսք է ասել անցած ուրբաթ Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը:

«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումներն զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։

Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար»,- նշեց Ս.Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ իր հրաժարականի որևէ այլ պատճառ չկա, որ մեծագույն հաճույքով է աշխատել 1 տարի 2 ամիս:

«Բայց և յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները, ես այս դեպքում՝ նաև մասնագիտական: Իմ գնալուց հետո հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել, որ սա ֆանտաստիկ թիմ է»։

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ գլխավոր քարտուղարի և տեղակալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը:

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»,-ասել է Ս.Պետրոսյանը: