Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանի և իշխող բանդայի «ախրանիկ» Օսիպյանը չպետք է դառնար ոստիկանապետ». Պետրոս Մակեյան

443
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 03:10
«Սերժ Սարգսյանի և իշխող բանդայի «ախրանիկ» Օսիպյանը չպետք է դառնար ոստիկանապետ». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինները կենդանական բնազդով զրկվել են հիշողությունից. վերջին օրերին մեծ աղմուկ են բարձրացրել ՀՀԿ-ականները, և ժամանակին նրանց կերամանից օգտվողները Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կապված ԱԱԾ-ի գործելաոճից։
Այո՛, ինձ համար ոչ միայն անընդունելի է, այլև դատապարտելի քաղաքական գործընթացներին ներգրավել ընտանիքի անդամներին, բայց նախկինները մոռանում են, որ այսօրվա ԱԱԾ-ի, ոստիկանության և դատախազության գործելաոճը, իրենց վարժեցրածն Է, որ հիմա իրենց դեմ են օգտագործում՝ արջի ծառայություն մատուցելով օրվա իշխանություններին։ Բայց այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև օրվա իշխանությունները. չէր կարող КГБ-ն միանգամից վերածվեր նոր Հայաստանի ԱԱԾ-ի, Սերժ Սարգսյանի և իշխող բանդայի «ախրանիկ» Օսիպյանը չպետք է դառնար նոր Հայաստանի ոստիկանապետ, անմեղ մարդկանց վրա գործ սարքող դատախազությունն իրավունք չունի նույն մարդկանց արդարացնելու։
Այնուամենայնիվ, նախկին բանդայի հիշողությունը պետք է թարմացնել, որպեսզի սսկվեն ու ծպտուն չհանեն։
Բացի այն, որ ՀՀԿ-ն և նրանց սպասարկող ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն հայ ժողովրդի պատմության սև էջերն են համալրել՝ Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ով, այլև յուրաքանչյուր համապետական կեղծված ընտրություններից հետո պայքարող ժողովրդին հրապարակներում և փողոցներում ջարդելով։
Վերը թվարկածին կավելացնեմ նաև իմ անձի, ընտանիքիս դեմ իրականացված սանձարձակությունները։

2001-ի սեպտեմբերին «Արմենթելի» դեմ կազմակերպված հանրահավաքից հետո 3 տասնյակ քաղաքացիական հագուստներով բանդան զինված ներխուժում է իմ բնակարան՝ բռնի ուժի կիրառմամբ, տան գույքը ջարդուփշուր անելով, ինձ տեղափոխում են Արաբկիրի ոստիկանություն, այնուհետև գիշերային դատավարությամբ 10 օրվա կալանք նշանակում։
2007-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանությունը հարձակվում է իրազեկման երթի մասնակիցների վրա, մի քանի տասնյակ ակտիվիստների բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Կենտրոնի ոստիկանություն, և քրեական գործեր հարուցում Շողեր Մաթևոսյանի, Նիկոլ Փաշինյանի, իմ և երկու տղաներիս նկատմամբ, իսկ փոքր տղաս հայտնվում է հիվանդանոցում, քննիչները պարտադրում էին բժիշկներին, որպեսզի դուրս գրեն նրան՝ կալանքի վերցնելու նպատակով։ Իհարկե, անարդար է՝ այդ գործ սարքող քննչական խմբի ղեկավարը նոր Հայաստանում դառնում է նախարար։ 2010-ի հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը, լինելով անազատության մեջ, մասնակցեց ԱԺ լրացուցիչ ընտրություններին։ Կենտրոնում՝ նախկին Դերժինսկու անվան դպրոցում տեղակայված տեղամասում, կեղծիքներն ու լցոնումներն իրականացնող մի քանի տասնյակ քրեական տարրեր ոստիկանության աջակցությամբ հարձակվում են ԺՀԿ Էջմիածնի տարածքային կազմակերպության ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի, Արաբկիրի տարածքային կազմակերպության ղեկավար Ռուբեն Արմենյանի, իմ և որդուս վրա, մենք հայտնվում են հիվանդանոցում, քրեական գործ են հարուցում և փորձում մեզ վրա ջարդել, այդ մի քանի տասնյակ հանցագործներից և ոչ մեկին չեն հայտնաբերում։ Այլ բան է, որ այդ ընտրությանը մասնակից անհայտ թեկնածուն, որը «հաղթեց» Նիկոլ Փաշինյանին, հիմա Վրաստանում Հայաստանի դեսպանն է, ինչը ոչ միայն անարդար է, այլև անհասկանալի։
1997-2001թթ․ և 2008-ի մարտի 1-ից հետո ծնողներիս ու բոլոր հարազատներիս բնակարանները բազմիցս խուզարկվել են և շատերի նկատմամբ հարուցվել տարատեսակ քրեական գործեր։ Նախկինների սարքած համակարգը հիմա իրենց դեմ է գործում, որի համար աղմկում են։ Այստեղ գործում է բումերանգի էֆեկտը»։