Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կուսակցություններին պետական ֆինանսական աջակցության ծավալը կավելանա 5-10 անգամ

326
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 12:10
Կուսակցություններին պետական ֆինանսական աջակցության ծավալը կավելանա 5-10 անգամ

Հոկտեմբերի 18-ին ԱԺ-ում անցկացվեցին ունկնդրումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Սահմանադրագետ, աշխատանքային խմբի համակարգող փորձագետ Արմեն Մազմանյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների հիմքում հետևյալ դրույթներն են՝ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը, հրապարակայնության ու հաշվետվողականության բարձրացումը, կուսակցության ֆինանսների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը և ամենակարևորը՝ քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության մասնավոր շահերի ազդեցության նվազումը, կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

Ըստ Ա.Մազմանյանի՝ առաջարկվում է ամրագրել, որ կուսակցությունները, բացի գործադիր մարմնից, ունենան նաև կոլեգիալ մարմին, ինչը կբարձրացնի նրանց ներքին ժողովրդավարությունը:

Աշխատանքային խումբն առաջարկում է ավելացնել կուսակցությունների ֆինանսական աջակցության ծավալը, ինչպես նաև իջեցնել այն կուսակցությունների համար սահմանված շեմը, որն անհրաժեշտ է պետական աջակցություն ստանալու համար: Ընդ որում՝ նախատեսում են պետական աջակցության ծավալն ավելացնել 5-10 անգամ, պետական աջակցություն ստանալու համար սահմանված շեմն էլ 3 տոկոսից իջեցնել 2 տոկոսի, կամ՝ պայմանավորել ԱԺ անցնելու շեմի տոկոսով՝ դա էլ իր հերթին ներկայիս 5 տոկոսից իջեցնել 2 տոկոսով:

Նախատեսում են բացառել կուսակցություններին իրավաբանական անձանց նվիրատվությունները՝ դա վերապահելով միայն ֆիզիկական անձանց, նվիրատվություններն էլ կատարել անկանխիկ եղանակով: Եվս մեկ իմպերատիվ արգելք՝ բացառել կուսակցությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: