Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սիրիայում ձևավորվում է նոր ստատուս քվո». Արման Բաբաջանյան

302
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 16:30
«Սիրիայում ձևավորվում է նոր ստատուս քվո». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայում և Սիրիայի շուրջ այս օրերին տեղի ունեցող զարգացումները պարունակում են միանգամից մի քանի շերտեր՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, մարդասիրական և այլն: Սիրիայում աշխարհաքաղաքական հարաբերակցությունը փոխվում/խախտվում է: ԱՄՆ-ը, ըստ էության, հեռանում է Սիրիայից՝ թատերաբեմը թողնելով տարածաշրջանային մյուս խաղացողներին՝ Իրանին, Թուրքիային և Ռուսաստանին: Հենց այս օրերին Սիրիայում ձևավորվում է այս խաղացողների մասնակցությամբ նոր ստատուս քվո, որը որոշակի հավականությամբ կարող է երկարաժամկետ գոյություն և հետևանքներ ունենալ: Մեր մեծ տարածաշրջանից ԱՄՆ-ի թեկուզ ժամանակավոր ու առերևույթ հեռացումը կարող է նշանակել նաև մյուս կնճռոտ հարցերից ու հակամարտություններից Միացյալ Նահանգների դուրս մղում: Մեզ համար, բնականաբար, առաջնայինը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, որից ԱՄՆ-ի հեռացումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեզ համար: Ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացն ավելի քան երկու տասնամյակ ավելի կամ պակաս չափով գոյատևել է աշխարհաքաղաքական բևեռների հակակշռման ու փոխզսպման շնորհիվ, ինչը, փաստորեն, առաջիկայում կարող է խախտվել: Սա լրջագույն մարտահրավեր է մեր դիվանագիտության համար՝ ինչպես դեսպանական կորպուսի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության համար: Մենք, փաստորեն, հնարավոր է՝ առաջիկայում ստիպված լինենք ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացը տեղափոխել միանգամայն այլ անվտնագային միջավայր՝ դրանից բխող բոլոր ռիսկերով ու հետևանքներով: Տարածաշրջանային նոր միջավայրում մենք ունենք դե յուրե ռազմավարական դաշանկից՝ ի դեմս Ռուսաստանի, սակայն վերջինս ցանկացած պահի կարող է զոհաբերել մեր շահերը, ինչի պատմական նախադեպերը, ցավոք, մենք ունենք: Հետևաբար, գործակցելով Ռուսաստանի հետ մենք միևնույն ժամանակ պարտավոր ենք ինտնեսիվորեն աշխատել նաև այլ ուղղություններով՝ առաջին հերթին էլ ավելի սերտացնելով Իրանի հետ մեր հարաբերություններն այնպես, որ դրանք չվնասեն Արմևմուտքի հետ հարաբերություններին: Առաջիկայում Հայաստանի գերխնդիրը պետք է լինի անել առավելագույնը հերթական անգամ ռուս-թուրքական մերձեցման զոհը չդառնալու համար: Խաղի արժեքը շատ բարձր է և դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը:

Հետևաբար մեր խնդիրը պետք է լինի անել առավելագույնը տարածաշրջանում շահերի հավասրակշռությունը պահպանելու, դրան ամեն կերպ նպաստելու համար: Դա է պահանջում մեր պետական, ազգային շահը, որը ինչ-որ իմաստով նաև մեր պետության ներկայիս առաքելությունն է: Այդ առաքելությունը պետք է ձևակերպվի որպես դիվանագիտական, արտաքին քաղաքական աշխատանք, որը պետք է կատարեն աշխահում սփռված մեր դեսպանները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները, հայկական լոբբիստական կառույցները: Միակենտրոն տարածաշրջանը հղի է մեզ համար կործանարար հետևանքներով, հետևաբար, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում թույլ չտանք այդպիսի պատկերի ձևավորրումը:

Մեզ շրջապատող միջավայրում այսօր տեղի են ունենում դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են փոխել մեր տարածաշրջանի առնվազն քաղաքական աշխարհագրությունը: Մենք պարտավոր ենք այս գործընթացում օբյեկտից վերածվել սուբյեկտի, այլապես մեզ հետ կվարվեն այնպես, ինչպես այս օրերին վարվում են սուբյեկտայնություն չունեցող ժողովուրդների հետ»: