Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար ՄԻԵԴ-ում հանձնաժողով է ստեղծվել

273
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 13:15
Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար ՄԻԵԴ-ում հանձնաժողով է ստեղծվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

ՄԻԵԴ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ խորհրդատվական կարծիքի դիմումն ստացել են 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ է ընդունվել: Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։

Նշվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: