Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քրդերը համաձայնություն են կնքել Սիրիայի կառավարական ուժերի հետ. ծրագրվում է ազատագրել նաև Աֆրինը

780
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 01:00
Քրդերը համաձայնություն են կնքել Սիրիայի կառավարական ուժերի հետ. ծրագրվում է ազատագրել նաև Աֆրինը

Սիրիական իշխանության և քրդական SDF զինված խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել ռուսական Հմեյմիմ ավիաբազայում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նրանք քննարկել են այն միջոցները, որոնք հնարավորություն կտան վերջ դնել Թուրքիայի կողմից իրականացվող օպերացիային: Հնարավոր է, որ քրդերի ու սիրիական կառավարության միջև բանակցությունները հետագայում տեղափոխվեն Դամասկոս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել նաև ազատագրել Աֆրինը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրդերը, ցանկանալով ապահովել իրենց անվտանգությունը թուրքական հարձակումներից, պատրաստ են բանակցությունների մեջ մտնելու Սիրիայի ու Ռուսաստանի հետ:

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է. «Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ համաձայնագրի ստորագման մասին, որի մասին հայտարարվել է այսօր երեկոյան:
Համաձայնագրում մասնավորապես ասվում է.

«Այս գրոհին հակազդելու և կանխելու համար սիրիական կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի և տեղակայվի սիրիական-թուրքական սահմանի ողջ երկայնքով»:
Ըստ համաձայնագրի SDF-ն և Սիրիայի կառավարական ուժերը գործում են համատեղ, և 2018թ.-ից Թուրքիայի կողմից գրաված Աֆրինը ևս ազատագրում են»: