Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

«Փաշինյանը թուլացնում է հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին». Շարմազանով

138
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 14:40
«Փաշինյանը թուլացնում է հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին: Սա սպառնալիք է մեր պետությանը: Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում: Իշխանության է եկել ուժ, ում համար «իզմեր» չունենալը հավատամք է: Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմն անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:

Տեսեք.

● Փաստացի 1,5 տարի է քայլածները հրաժարվել են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարից: Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից խոսելու փոխարեն խոսում է նախկին ուժերից և իր թավշիստներից:

● Արցախի հարցում կտրուկ նահանջ և հրաժարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

● Փաշինյանն իր լռությամբ համաձայնվեց Բոլթոնի կոչին՝ «հրաժարվել պատմական կաղապարներից»:

● Արշավ Արցախի հերսների դեմ:

● Փաշինյանի իշխանությունը, նսեմացնելով Սարդարապատի և Արցախի հաղթանակները, մի դեպքում հավասարեցրեց իր բազմագույն հեղափոխությունը Սարդարապատի հաղթանակին, մեկ այլ դեպքում՝ ավելի կարևորեց իշխանազավթումը, քան Արցախի հաղթանակը: Հասկանում եք՝ ինչ է արվում...

Թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակը Փաշինյանի կողմից ավելի է նսեմացվում, քան իր դմփ-դմփ-հու շարժումը:

● Ավելին, Փաշինյանը գործարքի է գնում սորոսա-ահաբեկչական խմբի հետ, մի խմբի, որը հարձակում է գործել ՀՀ-ի վրա, որը Հայաստանում զբաղված է մեր երկրի դաշնակից Ռուսաստանի դեմ հակաքարոզով: Եթե սրան գումարենք նախկին ԱԱԾ պետի «կանգ առ և սթափվիր»-ը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Նիկոլի բազմագույն հեղաշրջման արդյունքում արվում է հնարավոր ամեն ինչ՝ թուլացնել մեր պետության հիմքերը:

Այս կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց իշխանական էշելոններում ուժեղացնել սորոսա-ապազգային–հակառուսական ուժերի դիրքերը և թուլացնել կամ դուրս մղել իշխանությունից նրանց, ովքեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներ են...

Եզրակացությունը հետևյալն է.

● Հայաստանի ռազմա-քաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ չպետք է այլընտրանք ունենա:

● Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, և ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում ՝ որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ: Փաշինյանի ռեժիմն անում է ճիշտ հակառակը:

Հ.Գ. Ինչպես կասեին Հին Հռոմում՝ «Կարթագենը պետք է կործանվի» կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը»: