Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Անժելա Թովմասյանը պահանջում է «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին ներգրավել որպես մեղադրյալ

104
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 14:15
Անժելա Թովմասյանը պահանջում է «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին ներգրավել որպես մեղադրյալ

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Հայկ Գրիգորյանին
Պատճեն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի՚ պարոն Գրիգորյան,

ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:

Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց՝ https://hraparak.am/post/17a309b9c7d6a08afb2636aca96d5cb7):

Հարձակում իրականացնող անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝խուլիգանությունը։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

• Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:
• Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին:
• Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող»։