Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«13 օր լռելուց հետո սկսել են բարբաջել և պտղապարկը վերածել դիակի, այն էլ՝ չթափանցող սև տոպրակում». Հայկուհի Խաչատրյանը հակադարձում է

511
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 01:50
«13 օր լռելուց հետո սկսել են բարբաջել և պտղապարկը վերածել դիակի, այն էլ՝ չթափանցող սև տոպրակում». Հայկուհի Խաչատրյանը հակադարձում է

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ծննդատան տարածած հաղորդագրությանը, որում ասվում է, թե երեխան մահացել է, դին տեսել է ծննդկանի քույրը. «Իմ քույրը իմ պահապան հրեշտակն է։ Ես ծնվել ու մեծացել եմ ավանդապաշտ ընտանիքում։ Մեզ համար քույրեր-եղբայրներ երևույթը շատ մեծ արժեք ունեն։ Իսկ այդ ոճրագործ Հանրապետական ծննդատան տականքները 13 օր լռելուց հետո սկսել են բարբաջել և պտղապարկը վերածել դիակի, այն էլ՝ չթափանցող սև տոպրակում։ Ես ծնված պահից ասել եմ տվեք երեխայիս՝ ոչ-ոչ թոթոլ երեխա է, կապտած չէ, տարան։ Միևնույն է, պետք է ցույց տաք իմ երեխայի մարմինը, ստահակներ։ Այս գործը չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ իմ երեխային չէք վերադարձել»:

Նշենք, որ Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը, Hraparak.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն ոչ թե երեխայի դին, այլ ընկերքն են ցույց տվել: «Ես ոչ մի դի չեմ տեսել, ցավալի է, որ այդկերպ են ստում: Երբ բժշկուհին եկավ ու ասաց, թե զարմանում է՝ ինչպես է եղել, որ պտուղը մեծ է, իսկ ընկերքը այդքան փոքր, ես ասացի, որ այդ դեպքում անհրաժեշտ է ընկերքը նույնպես փորձաքննության ուղարկել, քանի որ իրենք ասել էին, թե պտուղն արդեն ուղարկել են փորձաքննության: Ասաց, թե սառնարանում է, պահել են, որ չնեխի, կուղարկեն: Ինձ էլ, որպես ապացույց, տարավ տեսնելու: Սառնարանի դուռը բացեց, ցույց տվեց շատ փոքր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փոքր զանգված կար: Հիմա դա դարձավ, որ ես մարմինն եմ տեսե՞լ: Խոսքը ընկերքի մասին է: Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ նա տառապի՝ մտածելով, որ իր երեխան ողջ է, հո ցնորվա՞ծ չենք»,- ասել է նա: