Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն ինքը կպատկերացնի՝ ոնց աշխատի». Արարատ Միրզոյան

135
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 16:15
«Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն ինքը կպատկերացնի՝ ոնց աշխատի». Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 2-ի ԱԺ նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կտրուկ արձագանքեց ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի՝ ամբիոնից հնչեցրած գնահատականին: Փոխնախարարը, «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկից հանելու հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ կառավարությունը դրան բացասական եզրակացություն է տվել: Ըստ Հ. Հարությունյանի՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է կատարել իր այն պարտավորությունները, որոնք ունեցել է: Մարդիկ, ովքեր ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կարիք, իրենք այդ բուժօգնությունը կստանան՝ անկախ կազմակերպությունների մասնավոր կամ պետական լինելուց:

Անդրադառնալով ներդրումներին և գույքի հետ կապված հարցերին՝ նախարարի տեղակալն ասաց, որ այդ հարցերի պատասխանները պետական գույքի կառավարման կոմիտեում են, և նշված բուժհիմնարկն այդ վարչության կառավարման ներքո է: Նրա կարծիքով՝ մինչ նախագիծը խորհրդարան բերելը պետք է պետգույքի կառավարման կոմիտեի հետ շփվել, և հասկանալ՝ արդյոք բոլոր այն գնահատումները՝ հողի գնի, մրցույթների պայմանների մասով բավարարում են պատգամավորներին, թե՞ ոչ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կտրուկ արձագանքեց փոխնախարարի խոսքին.

«Ես հասկանում եմ, որ փոխնախարարի պաշտոնն արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական, մասնագիական պատրաստվածություն պահանջող դաշտում է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն ինքը կպատկերացնի՝ ոնց աշխատի»: