Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրավաբանական ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

100
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ., 12:45
Իրավաբանական ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված ընդհանուր թվով երեք քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում՝ հաշվի առնելով, որ առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության բոլոր հանգամանքները, մեխանիզմը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն և մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Այսպես՝ Երևանի բնակչուհուն խոստացել է Երևանում կառուցվող կիսակառույց բազմաբնակարան շենքի՝ փաստացի դեռ չկառուցված բնակարանը վերջինիս անունով ձևակերպել: Այդ պատրվակով ընկերության տնօրենը պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր 13 424 900 ՀՀ դրամ գումար, որը, ըստ պայմանավորվածության, վերջինս պետք է փոխանցեր կառուցապատող ընկերությանը, ինչը, սակայն, նա չի կատարել՝ խաբեությամբ հափշտակելով իրեն փոխանցված նշված գումարը:

Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը, ատամնաբուժական կլինիկայի դեմ իր միջոցով դատարան հայց չներկայացնելու, զանգվածային լրատվական միջոցներին չդիմելու և այդ կապակցությամբ տուժած քաղաքացիներին իբրև իր միջոցով գումարային փոխհատուցում կատարելու պատրվակով, նշված կլինիկայի տնօրենից և վերջինիս կնոջից մաս-մաս ստացել է 3.500.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը որևէ մեկին չի փոխանցել և խարդախությամբ հափշտակել է:

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին, կրթության համար պետության կողմից կատարված ծախսերը հատուցելու պատրվակով, բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև իր աշխատասենյակում, առձեռն փոխանցման միջոցով, քաղաքացուց պահանջել և ստացել է ընդհանուր՝ 9 775 000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը նա չի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին՝ խաբեությամբ հափշտակելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: