Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան

199
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 13:40
«Փողոցից իշխանություն մագլցած երիտասարդներն իշխանությունը երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում». Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերն սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը:

Նախկինում ուժային երկու կառույցները դուրս էին բերվել ներքաղաքական խաղերից և դա համարվում էր Հայաստանում իրականացված ժողովրդավարական ռեֆորմների կարևոր ձեռքբերումներից մեկը: Գործող իշխանությունները, իրենց նեղ խմբային շահերից ելնելով, իմաստազրկում են ռեֆորմը: ժողովրդավարության կեղծ սոուսով փողոցից իշխանություն մագլցած երիտասարդները, իշխանությանն առընթեր ընդդիմության՝ ի դեմս ԼՀԿ-ի ձեռքերով, իշխանությունը պահելու և երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս: Ինչպես ասում են՝ կարդացեք ֆորմալ հիմնավորումը և ցավակցեք մեր քաղաքական համակարգին:

Մեջբերեմ օրենքի նախագծից..... «Փաստորեն, այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»...

Այսինքն՝ մարդկային լեզվով ասած, եթե մյուս պետական պաշտոններում կարելի է նշանակել ում պատահի, ապա ինչո՞ւ այս երկու պաշտոններում չի կարելի: Finita la commedia.

Հ.Գ. Հուսով եմ, որ այս տրամաբանությունը մի օր էլ չի կիրառվի ԶՈՒ ԳՇ պաշտոնների նկատմամաբ»: