Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

101
Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 13:35
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել:

Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների ծայրահեղացումը, ընդհանուր դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անհամարժեք գործողությունները, ԱԱԾ տնօրենի հրաժարականի քաղաքական հայտարարությունը և դրան հաջորդած պաշտոնական արձագանքները, Մարտի 1-ի դատաքննության ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ բարձրացած տագնապը ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ շեշտը դնում են անձերի թիրախավորման վրա՝ խորացող ճգնաժամին համակարգային քաղաքական, օրենսդրական լուծում տալու փոխարեն:

«Ժառանգությունը» համոզված է, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին: Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջին համարժեք գործընթացը, որի շնորհիվ օրինական և համապարփակ հանգուցալուծում կստանա ՍԴ ճգնաժամը, պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսդրության սկսված, բայց այդպես իրականություն չդարձած փոփոխությունները, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումները, որոնք հնարավոր կդարձնեն հանրային բաց և թափանցիկ գործունեություն ծավալող կուսակցությունների գոյությունը՝ կանխելով արկածախնդիրների ու վարձկանների մուտքը հայ քաղաքական դաշտ դրսից ու ներսից: Հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի:

«Ժառանգությունը» կողջունի մեր պետականության և ինքնիշխանության առջև ծառացած այս երեք հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք իշխանության բոլոր քայլերը՝ ի սպաս դնելով իր ողջ կարողություններն ու ներուժը»: