Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Վանեցյանի հրաժարականը մեսիջ կլինի թիկունքից խաղեր տվողների համար». քաղաքագետ

409
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 16:00
«Վանեցյանի հրաժարականը մեսիջ կլինի թիկունքից խաղեր տվողների համար». քաղաքագետ

«Շատ հնարավոր էր, որ Ա. Վանեցյանը ինքնուրույն քաղաքական խաղ էր սկսել, ինչն էլ չէր վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ խոսելով Ա. Վանեցյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասսին:

Ըստ նրա՝ Ն. Փաշինյանը կասկածներ ուներ, որ Ա. Վանեցյանը նախկին իշխանությունների հետ համագործակցում է և նրանց որոշակի ինֆորմացիա տալիս: Այդ մասին վարչապետը հայտարարեց նաև իր ասուլիսի ժամանակ: Խոսքն այն մասին էր, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե ինքը տեղեկացվել է, որ շուտով իրեն ձերբակալելու են:

«Ըստ էության՝ որոշակի ակնարկ կար Վանեցյանի դեմ: Ընդհանրապես, վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Ա. Վանեցյանը սերտ կապեր ունի նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչների հետ»,- ասաց քաղաքագետը:

Նա չբացառեց, որ առաջիկայում կլինեն այլ պաշտոնանկություններ ևս: Ըստ Ա. Վարդանյանի՝ Ա. Վանեցյանի հրաժարականը մեսիջ կլինի այն պաշտոնյաների համար, ովքեր կփորձեն թիկունքից խաղեր տալ Ն. Փաշինյանի դեմ:

«Ն. Փաշինյանը բավականին սուր աչք ունի և կարողանում է տեսնել իր դեմ տարվող խաղերը»,-նկատեց Ա. Վարդանյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հ. Թոմվասյանի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց, որ իշխանություններն իրավական առումով չեն շեղվել: Խնդիրն այն է, թե ՍԴ-ն արդյոք Հ. Թովմասյանի նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կկայացնի՞:

«Ընդ որում՝ այդ տույժը կարող է հեռացման տեսքով չլինել, կարող է այլ տեսքով էլ լինել: Ընդհանրապես ես խիստ կասկածում եմ, որ ՍԴ-ն Հ. Թովմասյանի դեմ որոշում կայացնի, որովհետև դրա համար 6 անդամի ձայն է պետք: Իսկ ՍԴ-ում Հ. Թովմասյանը ձևավորել է իր թիմը, և նրանք էլ ՍԴ նախագահի դեմ չեն քվեարկի,-նկատեց Ա. Վարդանյանը:

Վերջին շրջանում տեսակետներ են հնչում իշխանության ներսում առկա հակասությունների մասին, որոնք արտահայտվում են խորհրդարանում: Այս համատեքստում քաղաքագետը նշեց, որ ներքին ոչ ֆորմալ խմբավորումներ կան, իշխանությունը մոնոլիտ չէ, սակայն այս պահին պառակտման նախանշաններ ինքը չի տեսնում: Իշխանության դիրքերը դեռ ուժեղ են, երբ Ն. Փաշինյանի դիրքերը կթուլանան, այդ ժամանակ պառակտումներ կլինեն նաև իշխանական բուրգում, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում:

«Իսկ Ն. Փաշինյանի դիրքերը կթուլանան, եթե սրվի ներքաղաքական ճգնաժամը, երկրում անընդհատ բողոքի ցույցեր, մի քանի հազարանոց հանրահավաքներ լինեն, և իշխանությունը ճաքեր տա, այդ ժամանակ շատ պատգամավորներ ակնհայտորեն դուրս են գալու «Իմ քայլից»,-կանխատեսեց քաղաքագետը: