Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար մի քանի հարթություն պետք է դիտարկել». Արսեն Խառատյան

239
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 12:10
«Տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար մի քանի հարթություն պետք է դիտարկել». Արսեն Խառատյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Նեմեսիս». Ազգային անվտանգության ծառայության ինքնության ճգնաժամի ելքը. սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտարարեցին այդ պաշտոնից Վանեցյանի հեռանալու վերաբերյալ: Հաշվի առնելով հայտարարություններին հետևած քննարկումների մասշտաբները, Վանեցյանի հրաժարականը Հայաստանի անկախությունից ի վեր ուժային բարձրագույն մարմնի ղեկավարի ամենասկանդալայինը դառնալու հավանականություն ունի: Այսուհանդերձ, մեծ հույս ունեմ, որ առաջիկա օրերի զարգացումներն ու հայտարարություններն առավելապես կոռեկտության տիրույթում կլինեն, հաշվի առնելով այն խորքային տրանսֆորմացիաներն ու փոփոխությունները, որոնց միջով ներկայում անցնում ենք որպես պետություն և ժողովուրդ, դե իսկ արտաքին վտանգների ու սպառնալիքների մասին ևս մեկ անգամ հիշեցնելը թերևս ավելորդ է:

Տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար մի քանի հարթություն պետք է դիտարկել. միջանձնայինից մինչև կառուցվածքային և ինստիտուցիոնալ, անելիքի և դրա կերպի վերաբերյալ հակասություններ, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Գործող անձինք, լինի դա վարչապետը, ԱԱԾ արդեն նախկին ղեկավարը, մի շարք այլ անկյունաքարային պետական պաշտոններ զբաղեցնող ընկերներ, Հայաստանի այս շրջանի զարգացման վրա էական ազդեցություն ունեցող դերակատարներ են, ուստի համոզված եմ, որ մենք որպես հանրույթ և պետություն շատ ավելի կշահենք մեր համատեղ հայրենիքի զարգացման շուրջ խորը և բովանդակային քննարկումներից ու որոշումներից և ոչ երբեք անձնավորված վիրավորանքներից: Այլ կերպ ասած, այս պահին, մեր կոլետիվ շահը ոչ թե Վանեցյան-Փաշինյան տիրույթում հարցեր պարզելն է, այլև Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովող կառույցի փիլիսոփայությունն ու անելիքները նախանշելը:

Վանեցյանի հրաժարականից մոտ մեկ ամիս առաջ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մի շարք հարցեր էր ուղղել ԱԱԾ ղեկավարին, որոնցից մեկն այս կառույցի ինքնությանն էր վերաբերում: Մասնավորապես, հարցին, թե նախկինում գոյություն ունեցած անվտանգության ո՞ր մարմնի իրավահաջորդն է համարում իրեն ներկայիս ԱԱԾ-ն, հաշվի առնելով խորհրդային տարիներին ձևավորված արատավոր մի շարք երևույթների անկախությունից հետո և մինչև 2018-ի Թավշյա հեղափոխությունը շարունակվելու իրողությունը, ծառայության տնօրենի խորհրդականն ուշագրավ պատասխան էր տվել. «Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին, գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ»:

ԱԱԾ-ի այս գեղեցիկ մտապնդումը, իհարկե, անկեղծ կլիներ, եթե այն հավակներ խոսել բացառապես հետհեղափոխական Հայաստանի մասին: Սերնդակիցներիցս շատերը, ովքեր քաղաքացիական ու քաղաքական պայքարի ճանապարհով են անցել, ինչ-որ պահի ԱԱԾ-ում հայտնվելու կամ կառույցի աշխատակիցների հետ շփման փորձ ունեցած կլինեն: ԽՍՀՄ տարիների ЧК, НКВД, КГБ ընթացքի լավ գիտակ ԱԱԾ-ականների պակաս չկար այնտեղ: Որոշ դեպքերում այս կառույցի հիմնադիր հայր Ֆելիքս Դերժինսկուն աստվածացնելու չափ սիրողներ ունեինք և ենթադրում եմ, որ ունենք նաև մինչ օրս: Մտածողության այս տիրույթում՝ Ստալինը, Դերժինսկին, Բերիան, Եժովը (այս ցանկը կարելի է շարունակել) իրական հերոսներ են, որոնք, ըստ այս տրամաբանության, կարողացել են հսկայական կայսրություն ստեղծել, չնայած որ դա արել են միլիոնավոր մարդկանց կյանքերի, խեղված ճակատագրերի, անվերջանալի վախի մթնոլորտի պայմաններում:

Խորհրդային շրջանի անվտանգության մարմինների գործունեության մասին հսկայածավալ գրականություն և հետազոտական նյութ կա: Մեր գիտական ու վերլուծական միջավայրին թողնելով խորհրդային Հայաստանին վերաբերող հատվածը՝ ներկայիս կառավարող էլիտային, ինչպես նաև մեր հանրությանն ընդհանրապես, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել անկախությունից հետո: Ցավով պետք է նշել, որ եթե 90-ականներին կառույցը մեծամասամբ գործել է խորհրդային տարիների իներցիայով, ապա վերջին 20 տարվա ընթացքում այս հիմնարկի աշխատակիցների մի մեծ մաս դարձել է բիզնես հովանավորող (տանիք), կամ՝ ներքին ոստիկանական ու պատժիչ գործողություններ իրականացնող պատեհապաշտների խումբ: Նշվածն ամենևին չի վերաբերվում այն մարդկանց, որոնք ամենօրյա լրջագույն վերլուծական և օպերատիվ աշխատանք են իրականացնում Հայաստանն ու Արցախն իրական վտանգներից զերծ պահելու հարցում, դե իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերի եղբայրներին բարի ծառայություն մաղթենք:

Հետհեղափոխական այս փուլում, երբ կոռուպցիան հայտարարվել է որպես Հայաստանի անվտանգության լրջագույն մարտահրավերը, ԱԱԾ-ի վրա դրվել է ֆինանսական ոստիկանության գործառույթներ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում խեղված ու փակ այս կառույցը լրջորեն դեֆորմացվել ու ինքնության ճգնաժամի մեջ է ընկել, ուստի պետք է այն խելքի բերել: Ժամանակն է իրապես կենտրոնանալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության հետախուզության ու հակահետախուզության լրջագույն մարմին դարձնելու գործի վրա, իսկ դրա լավագույն սուվերեն օրինակն ունենք՝ «Նեմեսիս»-ը վկա...»: