Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ

887
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 16:25
Զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապ. զինված մահափորձ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ. քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարարներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի։

Դատաբժշկի եզրակացությամբ արձանագրվել է՝ աջակողմյան հեմոսինուս։ Աջ և ձախ այտային աղեղների, աջ հայմորյան խոռոչի հետին բազալ պատի բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջից ստորին ծնոտի հոդային ելունի և քթոսկրի ձախ կողմնայինն պատի քիչ տեղաշարժով կոտրվածքներ։

Անդրանիկ Հակոբյանը ենթարկվել է վիրահատության։ Այժմ տանն է։ Ոստիկանությունը, դատախազությունը տոտալ անգործություն են հանդես բերում։ Հետաքննիչի կրավորականությունը և գործին հնարավոր մեղմ որակավորում տալու շահագրգռությունը կասկածներ է առաջացնում, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունը և թաքցնել հանցագործության գլխավոր դերակատարին և նրա աջակիցներին։

Տեղեկացնեմ, որ հայտնի են թե՛ այս դաժան հանցագործության կատարողները և թե՛ նրա/նրանց հովանավորները։

Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքն այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից»։