Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեզ կամ վերելք է սպասվում, կամ մենք անդառնալիորեն կգլորվենք անդունդը». Արման Բաբաջանյան

261
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 04:25
«Մեզ կամ վերելք է սպասվում, կամ մենք անդառնալիորեն կգլորվենք անդունդը». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք երբեմն այնքան ենք տարվում ներհայաստանյան զարգացումներով, որ անուշադրության ենք մատնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն Հայաստանի վրա։

Հայաստանը հերթական անգամ հայտնվել է համաշխարհային քաղաքական զարգացումների բախտորոշ երակի վրա, որը, սակայն, իմաստ չունի միարժեք ողբերգական ու վտանգավոր, կամ բարեբեր համարելը: Ինչպիսի՞ն կլինի այդ երակը Հայաստանի համար, կախված կլինի նրանից, թե ինչպես կպահի Հայաստանն իրեն: Ակնհայտ է մի բան, որ ներկայիս իրավիճակը Հայաստանին կամ տալիս է զարգացման հիանալի հնարավորություն, անցած ուղու վերագնահատման, եզրահանգումների, վերարժևորման և առաջ նայելու հնարավորություն, կամ էլ զրկում է գոյապահպանական ռեսուրսներից վերջնականապես և դարձնում «անկողնային» պետականություն:

Շատերը կարող են ասել, որ ցանկացած երկիր միշտ էլ գտնվում է այդպիսի վիճակում՝ կամ լավ կլինի, կամ վատ: Իհարկե, պարզունակության առումով վիճակն իսկապես այդպես է, սակայն ներկայիս իրավիճակի նրբությունն այն է, որ առանձին ժամանակաշրջաններում երկրները կարողանում են ժամանակ ձգել, ժամանակ շահել, մանևրել: Իսկ ներկայիս վիճակում Հայաստանը զուրկ է այդ հնարավորությունից և մեզ կամ վերելք է սպասվում, կամ մենք անդառնալիորեն կգլորվենք անդունդը: Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես մենք կհասկանանք համաշխարհային պրոցեսները, կկարողանանք արդյոք բացել մեր մտածողությունը, մեր մտահորիզոնը, կկարողանանք արդյոք համարձակ լինել թե՛ մտածելու և թե՛ գործելու առումով: Դրանով է կանխորոշվելու Հայաստանի ճակատագիրը ներկայիս աշխարհաքաղաքական երակի վրա:

Ահա այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ Հայաստանն այդ պրոցեսներին դիմագրավի հանրային հնարավորինս լայն կոնսենսուսի պայմաններում, ինչի համար անհրաժեշտ է հասարակական-քաղաքական պրոցեսների հնարավորինս լայն ներգրավվածություն: Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի վերաբերյալ բախտորոշ խնդիրների քննարկումներն ու լուծումները պետք է դադարեն լինել ընդամենը մեկ կամ մի քանի անձանց սեփականությունը: Այդ պարագաներում Հայաստանն ընդամենը զրկվում է իր պոտենցիալի արդյունավետ կիրառումից: Իսկ պոտենցիալ երկրում կա, միայն թե պետք է ստեղծվեն դրա բացման և իրագործման հնարավորությունները:

Ավելին, Հայաստանի իշխանությունից, ով էլ որ այն լինի՝ ներկայինը, թե գալիք որևէ նոր իշխանություն, այժմ պահանջվում է մի բան՝ ոչ թե մտածել ինչ-որ լուծումների մասին, այլ ընդամենը պայմաններ ստեղծել, որ դրա մասին մտածի հասարակությունը, ազատ մտածի, անկաշկանդ մտածի, մրցակցային հավասար պայմաններում մտածի: Եվ այդ ժամանակ հասարակությունն ինքն իշխանությանը կառաջարկի ելքեր, որոնք ներկայիս իրավիճակում երկրի համար կապահովեն զարգացում, ոչ թե անկում: Մենք կանգնած ենք հենց այս ջրբաժանի առաջ, և ինչպես բաժանենք ջուրը մեր մեջ, այնպես էլ հետո կկարողանանք նավարկել համաշխարհային ջրերում»: