Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին Ամուլսարի վերաբերյալ իրենց պահանջները

416
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 20:45
Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին Ամուլսարի վերաբերյալ իրենց պահանջները

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այսօր կառավարությանը ներկայացրին իրենց պահանջները.

  • «Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։
  • Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:
  • Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը՝ հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։
  • Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։
  • Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը արդեն հասցված վնասները»։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ «Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է.

«Պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է:

Խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները: Խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները»,-նշեցին ակտիվիստները:

Նրանք հայտարարեցին, որ վերոնշյալ պահանջները չկատարելու դեպքում կսկվեն դասադուլներ, գործադուլներ և այլ խաղաղ բողոքի ակցիաներ ոչ միայն Ջերմուկում, այլև՝ ՀՀ ողջ տարածքում: