Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հովեր» երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով

412
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 02:20
«Հովեր» երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով: Համերգները կկայանան Վանաձորում և Գյումրիում:

Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00 Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում և սեպտեմբերի 18-ին, ժամը 16:00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Հովեր» երգչախումբը կներկայացնի Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Մասնավորապես՝ համերգներին կհնչեն կոմպոզիտորի «Աղոթքներ», «Բեթղեհեմի աստղը», «Փառք քեզ, Տեր», «Մթնաձորում», «Ու՞ր ես թռչում» գործերը: Կհնչեն նաև կոմիտասյան խմբերգեր:

Համերգներն անցկացվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը ծնվել է 1929թ. Գյումրիում: 1953-ից եղել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1990-ից՝ պրոֆեսոր): Տարբեր ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

1980 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: