Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

95
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 22:45
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները:

Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին, ըստ իրենց նախասիրության, հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ:
Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն:
Ծրագիրը միտված էր խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերջիններիս ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:

Հիշեցնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, ովքեր անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին: