Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի

212
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 19:30
Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի

Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը: 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին: Փաստաթղթի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:

Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի

Տեղում՝ մանրակերտի վրա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել են ծրագրի մանրամասները: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:
«Նոր ճանապարհահատվածը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար: Այսօր մայրաքաղաքում ունենք չորս կամուրջ, և ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կառուցվողը կլինի թվով հինգերորդը: Այս ճանապարհահատվածը զգալիորեն կթեթևացնի Երևանում երթևեկությունը»,- նշել է քաղաքապետը:

Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի


Շինարարական աշխատանքներն իրականացնող Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին իր հերթին նշել է, որ նման նախագծերի կյանքի կոչման հարցում ընկերությունն ունի երկարամյա փորձ, և վստահեցրել է, որ աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետում:
Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են LED էներգախնայող լուսատուներ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Պայմանագրի արժեքն է 26.003.196.22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Շինարարությունը կտևի 21 ամիս: