Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Կարևոր է հաշվի առնել ահաբեկչության բոլոր հնարավոր սցենարները». Սոսի Թաթիկյան

74
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 08:15
«Կարևոր է հաշվի առնել ահաբեկչության բոլոր հնարավոր սցենարները». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2001թ. սեպտեմբերի 11-ին, երբ ՀՀ ԱԳՆ-ում նոր էի սկսել զբաղվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններով, Հայաստանի Ատլանտյան Ասոցիացիայի հետ (Թևան Պողոսյան) Ատլանտյան Պայմանագրի Ասոցիացիայի ու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարությանն էինք հյուրընկալում Երևանում համատեղ կազմակերպված մի սեմինարի շրջանակներում, երբ իմացանք Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի մասին: Մեր հյուրերը պատմում էին, որ իրենց ընտանիքներն արևմտյան երկրներից անհանգիստ զանգահարում են իրենց, որպեսզի հարցնեն իրենց որպիսությունը, և իրենք հավաստիացնում են, որ այդ պահին հնարավոր ամենաապահով երկրում են՝ Հայաստանում: Ես անչափ տխուր էի՝ երկու ամիս առաջ վերադարձած լինելով Հարվարդում երկու տարվա ուսուցումից, որի վերջին շաբաթվա ընթացքում մի քանի ժամ էի անցկացրել երկվորյակ շենքերում:

Այդ իրադարձությունն ընդմիշտ փոխեց միջազգային անվտանգության սպառնալիքներն ու դինամիկան: Երբ ես, մի քանի ամիս անց, կրկին այցելեցի Հարվարդ, ԱՄՆ-ն անճանաչելի էր դարձել՝ դարձած լինելով ֆոբիաներով և հոգեբանական տրավմաներով, պաթետիկ հայրենասիրությամբ և կասկածամտությամբ տառապող մի երկիր: Նույնը նկատվում էր Ֆրանսիայում՝ 2015թ. ահաբեկչական գրոհներին հաջորդած մեկ-երկու տարվա ընթացքում: Երկուսում էլ որոշակի ժամանակ պահանջվեց այդ տրամադրությունը հաղթահարելու համար:

Հակաահաբեկչական պայքարը մի կողմից միավորեց երբեմնի հակառակորդ երկրներին, հատկապես Արևմուտքին և Ռուսաստանին, բարելավեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, դրանով հանդերձ բարենպաստ պայմաններ ստեղծելով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Սակայն, ցավոք, սրտի, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը երկար չտևեց, և նրանք հետ գլորվեցին Սառը պատերազմի մտածողության հորձանուտը:

Միաժամանակ, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես տարբեր երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Նոր Զելանդիան, Նորվեգիան տարբեր կերպ արձագանքեցին ահաբեկչական վտանգին՝ ելնելով իրենց համապատասխան արժեհամակարգերից, սակայն դա արդեն ծավալուն ուսումնասիրության թեմա է:

Հայաստանն այն բախտավոր երկրների թվին է պատկանում, որին չի սպառնացել արտաքին ահաբեկչական վտանգ: Միաժամանակ, ահաբեկչությունը միշտ անսպասելի է տեղի ունենում: Ոչ մեկը չէր կարող ակնկալել, որ այն տեղի կունենա Նոր Զելանդիայում կամ Նորվեգիայում: Հետևաբար, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս կարևոր է վերլուծել ու հաշվի առնել ահաբեկչության բոլոր հնարավոր սցենարները և մշտապես պատրաստ լինել այդ վտանգին»: