Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Ինքնատիպ ինստալացիա և իտալական երաժշտություն՝ Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի անդրանիկ համերգին

93
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 09:05
Ինքնատիպ ինստալացիա և իտալական երաժշտություն՝ Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի անդրանիկ համերգին

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2019-2020թթ. համերգաշրջանի բացման համերգն առանձնացավ ինքնատիպությամբ: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված «Նոտաներ և տեսիլքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես եկավ դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ: Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին (Իտալիա), ով մեր երկրում արդեն երկրորդ անգամ էր հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ:

Երեկոյի մեկնարկին հանդիսատեսին ներկայացվեց տեղեկատվություն համերգի աջակիցներից Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի վերաբերյալ, որը ՀՀ կառավարության հետ 2010-ից իրականացնում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որպեսզի տարրական դասարանների աշակերտներն ամեն օր դպրոցում տաք սնունդ ստանան՝ բարելավելով իրենց առողջությունն ու առաջադիմությունը: Այնուհետև, ելույթով հանդես եկան Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շահառու հանդիսացող Գյումրիի թիվ 15 դպրոցի Զարթոնք երգչախմբի տաղանդավոր դպրոցականները: Նրանք ներկայացրին իտալական Viva La Pappa Col Pomodoro զվարճալի երգը:

Մանկական երգչախմբի ելույթից հետո բեմին ամբողջ ընթացքում Կամերային նվագախումբն էր: Դիրիժոր Լեոտտայի ղեկավարությամբ՝ ՀՊԿՆ-ը ներկայացրեց Պիացոլայի,Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:

Դիրիժոր Մարիո Լեոտտան շատ բարձր գնահատեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը: Նա առանձնահատուկ շեշտեց, որ որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:

Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան»-ի՝ Ալբոնետիի կատարումը հայ ունկնդրին պարզապես հիացրեց:

Նշենք, որ ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվի նաև ինքնատիպ թվային ինստալացիա, որի հեղինակն էր իտալացի ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին: Remix Portraits խորագիրը կրող թվային ինստալացիան՝ իտալական երաժշտությունն հետաքրքիր համադրությամբ, ինքնատիպ անակնկալ է լինելու բոլոր արվեստասերների համար:

Remix Portraits-ը ժամանակակից գաղտնագրի էր վերածում դասական արվեստի գլուխգործոցները: Լեոնարդո դա Վինչի, Անտոնելլո դա Մեսսինա, Ջորջիո Վազարի, Արտեմիզիա Ջենտիլեսկի, Տիցիանո Վեչելիո. ընդամենը մի քանի անուն, որոնց գործերը հնարավոր էր երեկոյի ընթացքում նկատել Ֆրանց Չերամիի ստեղծագործություններում: