Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

100
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 12:15
Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ-խումբը և հայտնաբերել Տորունիք բնակավայրի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն բնակավայրի՝ 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:
Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին