Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Բացահայտվել է 28-ամյա աղջկա սպանության դեպքը. ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի

106
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 12:00
Բացահայտվել է 28-ամյա աղջկա սպանության դեպքը. ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի:

2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազնագ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակչուհու դին՝ պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են փորձանմուշներ, կատարվել առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1984թ.: Վերջինս հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ սպանություն կատարելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտեր:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: